Զաքար Դեմիրճյանի «Օձի ապուրը» ֆիլմն ընդգրկվել է Անսիի փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում
1 րոպեի ընթերցում

Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի «Օձի ապուրը» դեբյուտային կինոնկարը ներառվել է Անսիի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում (Festival international du film d'animation d'Annecy):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։
Ֆիլմը ռազմաճակատ մեկնող զինվորի մեկ օրվա պատմությունն է, որի համար ճանապարհին պատահած դիպվածները երանելի իրականության պատկերացման հիմք են դառնում։ Ռումբի պայթյունից երևակայականն ու վերհուշերը միախառնվում և ցնորքի են վերածվում։
Պրոդյուսեր՝ Րաֆֆի Մովսիսյան, կոմպոզիտոր՝ Էմիլ Աբրամյան, նկարիչներ՝ Դանիել Գրիգորյան, Վերոնիկա Ստեփանյան, գծային պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան:
Ֆիլմը ստեղծվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։