Իրավունք

Հանցավոր խումբը զենքի և բռնության կիրառմամբ կատարել է բնակարանային հափշտակություններ

3 րոպեի ընթերցում

Հանցավոր խումբը զենքի և բռնության կիրառմամբ կատարել է բնակարանային հափշտակություններ

Հանցավոր կազմակերպության կողմից կատարված զենքի և բռնության կիրառմամբ բնակարանային հափշտակությունների գործով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2024 թվականի սկզբներին Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկել են ազգությամբ հայ և օտարազգի անձանց: 

Հանցավոր խմբի անդամները քննությամբ դեռևս չպարզված անձից տեղեկություն ստանալով, որ Արարատի մարզի բնակչին պատկանող տանը հնարավոր է առկա լինի մեծ քանակությամբ գումար՝ համաձայնության են եկել ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով հափշտակություն կատարելու շուրջ՝ անձին պատճառելով խոշոր չափերի՝ 1 մլն 239 հազար 257 ՀՀ դրամի գույքային վնաս, որից հետո դիմել են փախուստի: 

Բացի այդ, Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն, խմբի անդամից տեղեկություն ստանալով, որ Երևան քաղաքի բնակիչը վարձակալությամբ հանձնած տարածքներ ունի և հնարավոր է, որ բնակարանում խնայած գումար ունենա, կազմակերպել և պլանավորել են բնակարան ապօրինի մուտք գործելով, բռնություն գործադրելով հափշտակության կատարումը՝ անձին պատճառելով խոշոր չափերի` 2 մլն 153 հազար ՀՀ դրամի գույքային վնաս:

Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ավազակությունը) (2 դրվագ), հանցավոր խմբից 3 անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ավազակությունը)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 4 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը: 

Նշվում է, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում