Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով 2024-ին 30 վարույթ է ուղարկվել դատարաններ
3 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից 2024 թվականի ընթացքում 30 քրեական վարույթ՝ 75 անձի վերաբերյալ (2023 թվականին 30 վարույթ՝ 89 անձի վերաբերյալ), մեղադրական եզրակացությամբ հանձնվել են Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշված քրեական վարույթների թվում են՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Գ.Մ.-ի կողմից Արտաշատ համայնքի նախկին պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի կողմից փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետ Վ.Բ.-ի կողմից բազմաթիվ դեպքերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթը, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի նախկին նախագահ Ռ.Հ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից կեղծիքներ կատարելու միջոցով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, վստահված գույքի հափշտակություններ, ապա փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը, Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում անշարժ գույք ձեռքբերում և կառուցապատում իրականացրած ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից, անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի օժանդակությամբ, մի շարք անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 666 միլիոն 765 հազար դրամ հափշտակելու, ինչպես նաև իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ վարույթը (նախաքննության ընթացքում Ա.Կ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը):
Քրեական վարույթների թվում են նաև Երևան քաղաքի Արաբկիր համայնքի ավագանու անդամների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և նախկին թաղապետ Հ.Շ.-ի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացում կատարելու վերաբերյալ վարույթը, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փ. Յա.-ի կողմից, իր հետ փոխկապակցված անձանց հետ հանցակցությամբ, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթը: