Մշակույթ

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական միջոցառումները

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի  նիստը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են 100-ամյակի լոգոտիպը, կենտրոնական միջոցառումները, ինտեգրված ֆիլմ նկարահանելու կազմակերպչական մանրամասները, արտերկրում և մարզերում հյուրախաղերի ծրագրերն ու ժամանակացույցը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հանդիպման նպատակը հոբելյանական միջոցառումների մասին վերջնական մոտեցումների ձևավորումն է։

Նիստի ընթացքում Backbone branding ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են 100-ամյակի լոգոտիպի կոնցեպտները, մեկնաբանել դրանց նշանակությունն ու առանձնահատկությունները, և ըստ այդմ՝ հանձնաժողովի քվեարկությամբ ընտրվել է դրանցից մեկը:

Հանձնաժողովը քննարկել և որոշել է նաև հոբելյանական տարվա բացման գլխավոր  և ամփոփիչ միջոցառումները։ Ծրագրում ներառված են նաև նվագախմբի հյուրախաղերն արտերկրում և մարզերում: Նախատեսվում է նաև միջազգային հեղինակավոր արվեստագետների մասնակցություն միջոցառումներին: Քննարկվել է ժամանակակից պահանջներին համահունչ ֆիլմ թողարկելու հնարավորությունը: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը հանդես է եկել հոբելյանական միջոցառումների շրջանակում կոմպոզիտորական մրցույթ անցկացնելու առաջարկով: Հանձնաժողովի դիտարկմամբ՝ մրցույթը լրացուցիչ ակտիվություն կմտցնի կոմպոզիտորների շրջանում և յուրօրինակ միջավայր կստեղծի:

«Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը ծրագրերի փաթեթն ամբողջացնելուց հետո այն կներկայացնի ԿԳՄՍ նախարարություն:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում