Մշակույթ

«Մուշետ» ֆիլմով «Սինե-ակումբ»-ն ազդարարեց Ռոբեր Բրեսոնի կինոնկարների հետահայաց ցուցադրությունների մեկնարկը

5 րոպեի ընթերցում

«Մուշետ» ֆիլմով «Սինե-ակումբ»-ն ազդարարեց Ռոբեր Բրեսոնի կինոնկարների հետահայաց ցուցադրությունների մեկնարկը

«Սինե-ակումբ»-ը մարտի 11-ին Հայաստանի ազգային գրադարանում «Մուշետ» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց կինոյի պատմության մեծագույն վարպետներից մեկի՝ Տարկովսկու, Գոդարի, Դյուրասի և շատ ուրիշների սիրելի ռեժիսոր Ռոբեր Բրեսոնի կինոնկարների ռետրոսպեկտիվ ծրագիրը։

Ֆիլմը, որն էկրանին էր գամել բոլոր ներկաներին, ցուցադրվեց ֆրանսերեն՝ հայերեն և անգլերեն ենթագրերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունները, որ իրականացվում են չորս տարի շարունակ, կազմակերպվում են Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և «Ֆիլմադարան» ՀԿ-ի ջանքերով։

Կինոռեժիսոր, կինոգետ, «Ֆիլմադարան»-ի հիմնադիր նախագահ Գարեգին Զաքոյանի խոսքով՝ ֆրանսիական կինոն շատ հարուստ է մեծանուն տաղանդներով, սակայն Բրեոսնն առանձնահատուկ գանձ է։ «Նա համաշխարհային կինոյի ամենանշանավոր դեմքերից է։ Միայն ես չեմ այդպես կարծում։ Տարկվսկին նրան համարում էր լավագույն կինոռեժիսոր, «Մուշետը»՝ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ, Ժան Լյուկ Գոդարը կարծում էր, որ Բրեսոնը ֆրանսիական կինոյի հայրն է։ Եթե հաշվի առնենք նաև ամենահեղինակավոր, պատվավոր փառատոններում ստացած մրցանակները, կարող ենք ևս մեկ անգամ հավաստիանալ մեծերի խոսքի ճշմարտացիությանը, և ես բնավ Ամերիկա չեմ հայտնագործում»,-ասաց Զաքոյանը։

Հանրության լայն շրջանակը քաջածանոթ չէ Բրեսոնի ֆիլմերին, ուստի որոշել են հենց նրա կինոնկարները ցուցադրել։ Զաքոյանը զգուշացրեց՝ Բրեսոնը բարդ լեզու ունի, դյուրամարս ռեժիսոր չէ, ժամանցի ռեժիսոր չէ, նա լուրջ կինո է ստեղծում՝ առանց ֆոկուսների, թռվռոցների։ «Նա ասկետիկ ստեղծագործող է, մինիմալիստ է, շատ կարճ, բայց հետաքրքիր լուծումներով է ֆիլմը կառուցում ու կարողանում է հասնել գաղափարի, մտքի, իմաստի ամենախորքերին»,-շեշտեց Գարեգին Զաքոյանը։

Ռոբեր Բրեսոնը, որը հեղինակային կինոյի ներկայացուցիչ է, իր ստեղծագործական կյանքի հիսուն տարվա ընթացքում նկարահանել է 13 ֆիլմ։ Այդ ֆիլմերից յուրաքանչյուրը կներկայացվի Հայաստանի հանդիսատեսին։

Անդրադառնալով հեղինակային և կոմերցիոն ֆիլմերի յուրահատկություններին՝ Գարեգին Զաքոյանն ասաց՝ իր համար գոյություն ունեն կոմերցիոն կինո և կինոարվեստ։ «Մեծ ռեժիսորը կարող է կախյալ լինել, պատվերով կինո նկարահանել, բայց արվեստի գործ ստեղծել, և հնարավոր է, որ շատ տաղանդավոր մարդը կոմերցիոն ֆիլմ ստեղծի, որն արվեստի գործ դառնա»,-ընդգծեց նա և հավելեց՝ Բրեսոնն ասել է՝ միշտ գիտակցել է, որ մարդը հոգի ունի, որը փնտրում է իր կապն Աստծո հետ։ Ռեժիսորն իր ֆիլմերում հենց դա է ցանկանում փոխանցել։ Զաքոյանը հորդորեց  Բրեսոնի այդ խոսքերը մտքում պահել նրա ֆիլմերը դիտելիս։

«Ֆիլմադարան»-ի առաքելությունն է նպաստել կինոարվեստի տարածմանը, զարգացմանը։ Մինչ ֆրանսիական ծրագրին անցնելը կազմակերպությունը համագործակցել է Գյոթեի անվան ինստիտուտի հետ ու գերմանական ավելի քան վաթսուն ֆիլմ ցուցադրել։

Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը շնորհակալություն հայտնեց Գարեգին Զաքոյանին և մյուս աջակիցներին, որոնց   ջանքերով հանդիսատեսը ծանոթանում է ֆրանսիական դասական կինոարվեստին։ «Բրեսոնը ֆրանսիական կինոյի պատմության մեծագույն ռեժիսորներից է։ Մենք նաև ժամանակակից ֆիլմերն ենք փորձում ներկայացնել հանդիսատեսին և համագործակցում ենք «Ոսկե ծիրան», «ՌեԱ» փառատոնների հետ։ Կազմակերպում ենք ֆրանկոֆոն կինոյի փառատոնը, որը կմեկնարկի մարտի 15-ին և կտևի մեկ շաբաթ։ Յուրաքանչյուր օր կցուցադրվի մեկ ֆիլմ։ Ցուցադրվող կինոնկարները նկարահանվել են վերջին տարիներին, իսկ մուտքն ազատ է  բոլորի համար»,-տեղեկացրեց Տյուրսը։

Ռոբեր Բրեսոնը «Մուշետ»-ը նկարահանել է 1967 թվականին։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Մուշետը, ապրում է հեռավոր գյուղում հիվանդ մոր և անտարբեր հոր հետ: Միայնակ ու մերժված՝ նա աշխարհին նայում է անտրտունջ հնազանդությամբ։ Մի մթամած երեկո դպրոցից վերադառնալիս Մուշետը մոլորվում է անտառում ու հանդիպում մի որսագողի։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում