Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Սիմոնյանը Բարսելոնայում շարունակում է տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Սիմոնյանը Բարսելոնայում շարունակում է տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը շարունակում է տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները մարտի 3-6-ն Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ընթացող Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի շրջանակում՝ համագործակցության խորացման, դրա նոր ուղիներ և հնարավորություններ ձեռք բերելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Ռուբեն Սիմոնյանը մարտի 5-ին  հանդիպում է ունեցել «Plug and Play EMEA»-ի կառավարման գործընկեր Սինա Ամիդի հետ, քննարկվել են 2024 թվականին Հայաստանում ոլորտային  սկսնակ ընկերությունների համար համատեղ իրականացված միջազգային աքսելերացիոն ծրագրի արդյունքներն ու այն հնարավորությունները՝ բարձրակարգ մենթորություն, ներդրումային հնարավորություններ և գլոբալ շուկաներին հասանելիություն, որ ստացել են հայկական ընկերությունները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկարաժամկետ համագործակցության հնարավորություններին:

Նախարարի տեղակալն այցելել է նաև Ֆրանսիայում հիմնված գլոբալ նորարարական և ինժեներական խորհրդատվական «Capgemini Engineering» ընկերության տաղավար: Ռուբեն Սիմոնյանին հյուրընկալել են կազմակերպության Թվային ճարտարագիտության և արտադրության գլխավոր պատասխանատու Նիկոլաս Ռուսսոն և Տեխնոլոգիական շուկայավարման գլոբալ տնօրեն Ռալֆ Բասը:

Ռալֆ Բասի ուղեկցությամբ Ռուբեն Սիմոնյանը շրջայց է կատարել ընկերության տաղավարում, նրան ներկայացվել են կազմակերպության տեխնոլոգիական լուծումները, քննարկվել են կազմակերպության՝ Հայաստանում ներկայացված լինելու հնարավորությունները:

Սիմոնյանն այցելել է նաև «Huawei» ընկերության տաղավար: Ընկերության Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում բազմակողմ գործողությունների գծով փոխնախագահ Վան Ցինի գլխավորությամբ տաղավարում իրականացվել է շրջայց: Ներկայացվել են ընկերության տեխնոլոգիական նորագույն լուծումներն ու ձեռքբերումները, քննարկվել է դրանց հնարավոր ներդրումը Հայաստանում:

Օրն ամփոփվել է «Harman International Industries» կազմակերպության տաղավար կատարված այցով: Տեղի է ունեցել հանդիպում ընկերության ավտոմոբիլային բաժնի կապի գծով ավագ փոխնախագահ Պասկալ Պեգյուրեի հետ, քննարկվել են առկա համագործակցության խորացման հնարավորություններն ու հեռանկարները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում