Ֆոն դեր Լայենն առաջարկել է Եվրոպայի վերազինման ծրագիր՝ 800 միլիարդ եվրո բյուջեով
2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը «Վերազինել Եվրոպան» նոր պլանի շրջանակներում առաջարկել է 150 միլիարդ եվրոյի վարկային նոր մեխանիզմ ստեղծել, որը ԵՄ երկրներին թույլ կտա ոչ միայն ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը, այլև զգալիորեն արագացնել և ավելացնել ռազմական մատակարարումներն Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆոն դեր Լայենի հայտարարությունը տարածել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ հատուկ նամակով իր առաջարկները Եվրամիության երկրներին է ուղարկել մարտի 4-ին՝ մարտի 6-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ, որը նվիրված է լինելու Ուկրաինային և Եվրոպայի անվտանգությանը։
«Այս «Վերազինել Եվրոպան» ծրագրի առաջին մասն ազգային մակարդակով պաշտպանության ոլորտում պետական ֆինանսավորման օգտագործումը խթանելն է.... Երկրորդ առաջարկը կլինի նոր մեխանիզմ: Դրանով անդամ պետություններին կտրամադրվեն 150 միլիարդ եվրոյի վարկեր՝ պաշտպանական բնագավառում ներդրումների համար: Ըստ էության, խոսքը գումարն ավելի լավ և համատեղ ծախսելու մասին է: Եվ մենք խոսում ենք համաեվրոպական կարողությունների ոլորտների մասին, ինչպիսիք են, օրինակ, հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը, հրետանային համակարգերը, հրթիռներն ու զինամթերքը, անօդաչու թռչող սարքերը և անօդաչուների դեմ պայքարի միջոցները, բայց նաև այլ կարիքների բավարարումը, օրինակ՝ կիբերանվտանգությունից մինչև ռազմական շարժունակություն: Դա անդամ պետություններին կօգնի միավորել պահանջարկը և համատեղ գնումներ իրականացնել: Եվ, իհարկե, այդ սարքավորումների օգնությամբ անդամ պետությունները կարող են զգալիորեն մեծացնել իրենց աջակցությունն Ուկրաինային, ներառյալ Ուկրաինային ռազմական տեխնիկայի անհապաղ մատակարարումը», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է, որ «Վերազինել Եվրոպան» ծրագրի միջոցով հնարավոր կլինի հավաքագրել մոտավորապես 800 միլիարդ եվրո՝ «ապահով և ամուր Եվրոպայի համար»։