Բրիտանական խորհուրդը փոխակերպում է անգլերենի ուսումնառությունը Հայաստանում

4 րոպեի ընթերցում

Բրիտանական խորհուրդը 2025 թվականի մարտի առաջին օրերին կազմակերպել էր «Teaching for Success Conference 2025» («Դասավանդում հանուն հաջողության») համաժողովը։ Ամենամյա այս միջոցառումը վերածվել է յուրօրինակ մի հարթակի, որտեղ ուսուցիչները հնարավորություն են ստանում քննարկել և ուսումնասիրել անգլերենի դասավանդման ընթացիկ միտումներն ու ուղղությունները՝ Հայաստանի նոր Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) շրջանակի և գործունեության ձևերի տեսանկյունից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բրիտանական խորհրդի տարածած հաղորդագրությունից, այս տարի համաժողովը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ), Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ գործակցությամբ։

Համաժողովի գլխավոր թեման էր «Շարունակական մասնագիտական զարգացում՝ բարելավված հմտություններ, բարելավված դասավանդում»: ՀՀ ԿԳՄՍՆ-ի հրավիրյալ խոսնակները և Մեծ Բրիտանիայի անգլերեն լեզվի դասավանդման (ELT) ոլորտի մասնագետները կիսվեցին իրենց տեսակետներով, փորձով և ոլորտի նորագույն զարգացումներով։

Համաժողովի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել վարելու զուգահեռ աշխատարաններ՝ հիմնված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար նախատեսված նոր ՇՄԶ շրջանակի մասնագիտական գործունեության ձևերի համադրության վրա։ Յուրաքանչյուր զեկույց կամ աշխատաժողով անդրադառնում էր մասնագիտական գործունեության որևէ ասպեկտի/ասպեկտների և ներկայացնում հստակ ռազմավարություններ տվյալ ոլորտի շարունակական մասնագիտական զարգացման համար։

Համաժողովի օրակարգում ներառված էին ինչպես հիմնական զեկույցներ, այնպես էլ զուգահեռ աշխատարաններ, իսկ միջոցառման ավարտը նշանավորվեց ELT Voice նախաձեռնությամբ, որտեղ ընտրված ուսուցիչները հնարավորություն ունեցան բեմ բարձրանալ և TED ձևաչափով իրականացվող կարճ ելույթների միջոցով մասնակիցների հետ համօգտագործել անգլերենի դասավանդման և ուսումնառության ոլորտում իրենց հաջողված փորձը։ Սույն նախաձեռնության առանցքային նպատակն ուսուցիչներին ոգեշնչելն է, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծելը, որպեսզի ուսուցիչները հաղորդակցվեն իրենց գործընկերների հետ և կիսվեն փորձառությամբ։

Ընտրված ուսուցիչները վիզուալ և ինտերակտիվ ձևաչափով ներկայացրեցին դասավանդման գաղափարներ, հետազոտական աշխատանքներ, նախագծեր և ռազմավարություններ։ Ներկայացումներն ուղղորդվում էին սահիկաշարերով կամ թվային այլ գործիքակազմով՝ առավել մատչելի, ամբողջական և գրավիչ դարձնելով մատուցվող նյութը և նպաստավոր պայմաններ ստեղծելով քննարկումների համար։

Այս տարվա համաժողովի հրավիրված բանախոսն էր Քրիստոֆեր Գրեհեմը՝ Մեծ Բրիտանիայում բնակվող անգլերեն լեզվի դասավանդման (ELT) անկախ խորհրդատու և հեղինակ։

«Ես իսկապես լավ ժամանակ անցկացրի։ Առաջինը բանը, որ տպավորեց ինձ մասնակիցների քանակն էր։ Երկօրյա համաժողովի ընթացքում բազմաթիվ ուսուցիչների հանդիպեցի։ Ուսուցիչների խանդավառությունը, էներգիան նույնպես տպավորիչ էին։ Բոլորն ուզում էին մասնակցել և կիսվել գաղափարներով։ Իմ կարծիքով համաժողովը հաջողված էր։ Հիմա հասկանում եմ, թե ինչու են այսքան ուսուցիչներ ցանկանում մասնակից լինել։ Կարծում եմ մասնակիցները նոր բաներ են սովորում և դրանք կիրառում իրենց դասավանդման գործընթացում, որը արդյունավետ է և՛ դպրոցների, և՛ աշակերտների համար »,- ասել է նա:  
 
 
 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում