ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծի քվեարկությունը հետաձգվեց. այն նախատեսվում է քննարկել առաջիկա օրերին
4 րոպեի ընթերցում

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը հետաձգվեց: Այն նախատեսվում է քննարկել և քվեարկել առաջիկա օրերին՝ ոչ մարտի 4–ից մեկնարկող, այլ՝ հաջորդ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու կամ արտահերթ նիստով քվեարկելու նպատակադրմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի երկար ընդմիջումից հետո հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնեց, որ Կառավարության կողմից առաջարկված՝ իրավական տեխնիկային վերաբերող մի քանի հարց են քննարկել:
«Բայց, քանի որ մեր քննարկումը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված վերջնաժամկետն է՝ այս քառօրյայում օրենքի նախագիծն ընդգրկելու համար, ես առաջարկում եմ նախագծի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել և քննարկել ևս մեկ անգամ՝ արդեն հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստով դիտարկելու համար: Այս քառօրյային ԱԺ կանոնակարգ օրենքով, նաև տեխնիկապես չենք հասցնի նախագիծն ընդգրկել, քանի որ դա պետք է անեինք այսօր մինչև ժամը 12:00-ն»,– հստակեցրեց Արման Եղոյանը:
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ կկարողանան նիստն անցկացնել: Եղոյանն ասաց, որ կարող են անգամ այս շաբաթ՝ սակայն արդեն հաջորդ քառօրյա նիստում կամ արտահերթ նիստում ընդգրկելու համար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը խնդրեց հստակեցնել՝ խոսքն ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված մինչև 2 ամիս ժամկետով երկարաձգելու ընթացակարգի մասի՞ն է: Հանձնաժողովի նախագահը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ սակայն պատրաստվում են քննարկել առաջիկա օրերին:
Արտակ Զեյնալյանը չառարկեց այս շաբաթվա ընթացքում կամ առավելագույնը՝ գալիք շաբաթվա առաջին կեսին քննարկմանը:
Կառավարությունը մի քանի առաջարկ էր ներկայացրել նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, նախագիծը կարգավորման բեռ չունեցող նախադասություններով չծանրաբեռնելու նպատակով առաջարկել էր հանել նախաբանը:
Սակայն Արտակ Զեյնալյանն արձագանքել էր՝ հիշեցնելով, որ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքն ասում է, որ օրենքը կարող է ունենալ նախաբան:
«Եվ այդ նախաբանը պարտադիր չէ, որ կրի նորմատիվ բեռ»,–ասել էր նա՝ հավելելով, որ նախաբանը կարևոր է:
Զեյնալյանը նշել էր, որ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքն ու արված առաջարկներն այս օրենքի նկատմամբ կիրառելի չեն:
Կառավարության 3 առաջարկներն էլ ընդունելի չէին նախաձեռնող խմբի համար:
Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ բովանդակային որևէ խնդիր չկա, իրավական տեխնիկայի հետ կապված հարց է: Անդրադառնալով հարցին՝ դիտավորություն չկա՞ր նախագծի քվեարկությունը ձգձգելու՝ Եղոյանն ասաց.
«Ես կարող էի նիստն ընդհանրապես չնշանակել: Նիստը ես եմ նշանակել: Եթե դիտավորություն լիներ, ես կարող էի այս նիստն այսօր չնշանակել, նշանակել այս ուրբաթ: Ընդհակառակը՝ իմ կողմից «դիտավորություն», մտադրություն կար այս քառօրյայում ընդգրկելու»:
Նա վստահեցրեց՝ եթե քաղաքական կամքը կա, տեխնիկական դետալները շատ բան չեն փոխում: Դա տեխնիկական գործընթաց է:
Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։