Podcast-Հարց բժշկին. մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է. ի՞նչ պետք է իմանալ լսողության պահպանման մասին
4 րոպեի ընթերցում

Համաշխարհային օրացույցում մարտի 3-ը համարվում է Լսողության պահպանման միջազգային օր: Լսողությունը թերևս աշխարհի և մեր շրջապատի ընկալման կարևոր բաղադրիչներից է, առանց լսողության մեր բոլորի կյանքում ինչ-որ բան միանշանակ կիսատ կլիներ, հետևաբար՝ պետք է պահպանել լսողությունը:
Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որպես Լսողության պահպանման միջազգային օրվա թեմա սահմանել է «Փոխենք վերաբերմունքը, քայլեր անենք այսօր, որ ունենանք լավ լսողություն ամբողջ կյանքի ընթացքում» կարգախոսը:
Առաջին անգամ Լսողության պահպանման միջազգային օրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նշվել է 2007 թվականի մարտի 3-ին:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում «Նաիրի» ԲԿ-ի աուդիոլոգ Գայանե Սարգսյանի հետ զրուցել ենք օրվա կարևորության, բուժման արդի մեխանիզմների և լսողության հետ կապված մի շարք խնդիրների շուրջ:
Մասնագետը նշեց՝ լսողությունը պահպանելու համար ամենաառաջին քայլը բարձր ձայնային միջավայրից խուսափելն է, այսինքն՝ քիչ կրել բարձր ձայներով ականջակալներ, աղմկոտ միջավայրում գտնվելու դեպքում անպայման կրել ներդիրներ կամ ձայները ընկճող ականջակալներ:
«Երկրորդը՝ պետք է պարբերաբար ստուգեն լսողությունը, որը ևս շատ կարևոր է, որովհետև կան տարիքային թիրախային խմբեր, որոնց մոտ սկսվում է ծանրալսություն և այս խմբերը պետք է պարբերաբար անցնեն լսողության ստուգումները: Ինչպես նաև ԱՀԿ-ն նշում է, եթե արդեն ախտորոշվել է ծանրալսություն, այն չպետք է անտեսել: Եթե խորհուրդ է տրվում կրել լսողական սարք, վիրահատություն կամ կոխլեար իմպլանտացի, ապա այն պետք է հնարավորինս արագ իրականացնել, որպեսզի հետագայում խուսափենք ավելի բարդ խնդիրներից»,-ասաց բժիշկը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում շուրջ 400 միլիոն մարդ ունի հաշմանդամության հասցնող ծանրալսություն և այդ թիվը գնալով աճում է. 2050 թվականին այդ թվը կլինի 700 միլիոն:
Ըստ Գայանե Սարգսյանի՝ մյուս ամենամտահոգիչ փաստն այն է, որ ականջակալներ կրողների շրջանում ամեն երկրորդը վտանգի տակ է, և կարող է ունենալ բարձր ձայնի ազդեցությունից առաջացած ծանրալսություն:
«Մեր երկրի վիճակագրությունը ոչինչով չի տարբերվում միջազգային վիճակագրությունից: Եթե ամբողջ աշխարհում հազար նորածնից մեկ-երկուսի մոտ լինում է խորը աստիճանի ծանրալսությունից մինչև խլություն, ապա մեր երկրի ցուցանիշները ևս դա վկայում են»,-ասաց աուդիոլոգ Գայանե Սարգսյանը:
Ի՞նչն է նպաստում լսողական խնդիրների առաջացմանը, ինչի՞ց պետք է խուսափել: Ինչպե՞ս հասկանալ, որ լսողության հետ, կամ ականջում որևէ խնդիր ունենք: Տարիքային ո՞ր սեգմենտի մոտ են առավել տարածված լսողական խնդիրները: Ի՞նչ է կոխլեար իմպլանտացիան, ո՞ր դեպքերում և ո՞ր տարիքային խմբին է ցուցված: Որտե՞ղ դիմել կոխլեար իմպլատացիայի համար: Ի՞նչ արդյունքներ են գրանցվում կոխլեար իմպլանտացիայի շնորհիվ: Որո՞նք են բուժառուների կողմից հաճախ հանդիպող սխալները:
Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:
Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները