Մարզեր

Ամասիա համայնքում տեղի ունեցավ երկար սպասված «-46°C» փառատոնը

2 րոպեի ընթերցում

Ամասիա համայնքում տեղի ունեցավ երկար սպասված «-46°C» փառատոնը

Շիրակի մարզի Ամասիա համայնքում տեղի ունեցավ երկար սպասված «-46°C» փառատոնը՝ LEAD4Shirak ծրագրի և Ամասիայի համայնքապետարանի աջակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ամասիայի գողտրիկ բնության գրկում հավաքվել էին ձմեռային մարզաձևերի ու էքստրեմալ հանգստի սիրահարներ, ովքեր եկել էին ոչ միայն մարզի տարբեր համայնքներից ու բնակավայրերից, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից։ Փառատոնին մասնակցում էին նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի աշխատակազմը, Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Արթիկ, Աշոցք և Գյումրի համայնքների ղեկավարները:

Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշեց, որ ուրախ է տեսնել մասնակիցների ոգևորությունն ու բարձր տրամադրությունը. «Հրաշալի օր է ու հիանալի մթնոլորտ, որքան էլ ցուրտ լինի, արվել է ամեն ինչ մեր երեխաների ժամանցն ապահովելու համար։ Մաքուր օդն ու բարձր տրամադրությունը հնարավորություն են տալիս վայելելու բնության հրաշալիքները, հիանալու նրա գեղեցկությամբ։ Ուրախ ժամանց ու հաճելի օր եմ մաղթում բոլորիդ»,- նշեց Շիրակի մարզպետը:

Մասնակիցներին ողջունեց նաև Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը: Փառատոնի պաշտոնական բացումից հետո մասնակիցները վայելեցին ձմռան ու բնության գեղեցկությունը: Չնայած ցրտաշունչ եղանակին, համայնքի անտառամերձ տարածքում փառատոնի մասնակիցները հիանալի ժամանց ունեցան՝ դահուկավազք, սնոուբորդ, սահնակներ, տաք ըմպելիքներ, մրցույթներ, զվարճանք, երաժշտություն, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ։ Դիջեյի ժամանակակից երաժշտական ռիթմերից հետո ազգային պարերի ուսուցում կազմակերպեցին նաև «Հրայրք» պարային խմբի պարուսույցները։ 

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում