Գեղարքունիքի մարզում ձնաբքերը շարունակվում են
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում փետրվարի 24-ի երեկոյան ժամերից սկսած գրանցվել են քամիներ և ձնաբուք, որի արդյունքում առանձին ճանապարհահատվածներ դարձել են դժվարանցանելի։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, փետրվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին մարզի ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները, անհրաժեշտությունից ելնելով, բոլոր ուղղություններով իրականացնում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Փետրվարի 25-ի ժամը 17-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան։ Դժվարանցանելի վիճակը հատկապես նկատելի է դեպի բարձրլեռնային բնակավայրեր տանող ճանապարհներին, նաև միջպետական ու հանրապետական նշանակության առանձին ճանապարհահատվածներում։ Սպասարկող կազմակերպություններն անում են հնարավորը՝ ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով աշխատող տրանսպորտային միջոցների համար։