Հուշարձանի կարգավիճակ են ստացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղի Ձիթհանը և նույն վայրում գտնվող խաչքարը
3 րոպեի ընթերցում

Հուշարձանի կարգավիճակ են ստացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղի Ձիթհանը և նույն վայրում գտնվող խաչքարը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 24-ի նիստի եզրակացությամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի Ձիթհանը, որը կառուցվել է 19-րդ դարում, ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ, իսկ նույն վայրում գտնվող խաչքարը որն իր պատրաստման ոճով թվագրվում է 11-12-րդ դարերով՝ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ:
«Ձորագյուղ բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 5 հասցեում պահպանվել է 19-րդ դարի կառույց հանդիսացող Ռեսի ձիթհանը և նույն տարածքում գտնվող և 11-12-րդ դարերի թվագրմամբ խաչքարը, որոնք վերջերս արժանացել են մեր իշխանությունների ուշադրությանը։ Պահպանված ձիթհանի քարը, ծանրոցները բարձրացնող և իջեցնող պողոսակը պատմական նշանակություն են հաղորդում հուշարձանին, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տասնամյակներ շարունակ մեր կենցաղից այլևս դուրս են եկել ձիթհանները։ Համապատասխան հանձնաժողովի կողմից Ռեսի ձիթհանին տրվել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ, իսկ խաչքարին՝ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Ռեսի ձիթհանը և խաչքարը համալրում են մեր տարածաշրջանի հարուստ պատմամշակութային ժառանգության ցանկը։ Նման որոշումը շատ կարևոր է ու նպաստելու է, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի խնամքով ու հոգատար կերպով պահպանել ու եկող սերունդներին փոխանցել դարերի խորքից մեզ հասած ու մեր ժողովրդի հոգևոր ու նյութական պատմամշակութային ժառանգությունները։ Մեզ մնում է հավուր պատշաճի հանրահռչակել այս հուշարձանները՝ դրանք արժանացնելով տեղացի կամ արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությանը։ Ի դեպ, ժամանակին, ավելի քան կես դար առաջ, իր «Գնացել են անդարձ» հայտնի երգի մի քառյակում Ռեսի ջրաղացին անդրադարձել է ձորագյուղցի անվանի երգահան-բանաստեղծ Հայրիկ Ղազարյանը․
«Ռեսի ձիթխացի գոմշի փնչոցը,
Գելյասի հասնելը, կախտան ճռռոցը,
Ջագյան զմբիլների ձեթ ճլճլոցը
Գնացել են անդարձ, էլ հետ չեն դառնա»։

Այս քառյակը, խոշոր տառերով, տեղ է գտել Ռեսի ձիթհանի պատերին»,-ներկայացրեց Ձորագյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը։