Իսրայելում 3 ավտոբուս է պայթեցվել հնարավոր ահաբեկչական գործողության ընթացքում
2 րոպեի ընթերցում

Թել Ավիվից հարավ գտնվող Բեթ Յամ քաղաքում ավտոկայանատեղիում գիշերը պայթեցվել է 3 դատարկ ավտոբուս, ինչն, ըստ ոստիկանության, ահաբեկչական գործողություն է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանությունը չեզոքացրել է ավտոբուսներում գտնվող ևս երկու չպայթած սարք, որոնք հայտնաբերվել են հարևան Հոլոն քաղաքում։
Պայթուցիկ սարքերն ունեցել են թայմերներ։ Ըստ Channel 12 լրատվական ալիքի հրապարակման՝ սարքերը պետք է պայթեին փետրվարի 21-ի առավոտյան, երբ ավտոբուսներում արդեն ուղևորներ կլինեին, սակայն դրանք շուտ են պայթել։
Ոստիկանությունը հայտնել է, որ պայթուցիկների վրա կար գրառում, և որ հարձակումն, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել է Հորդանան գետի Արևմտյան ափից։ Աղբյուրները հայտնել են, որ հարձակման մեջ ներգրավված է Արևմտյան ափին գործող ահաբեկչական բջիջ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ նրա գրասենյակի, Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել է «Արևմտյան ափին զանգվածային գործողություն սկսել ահաբեկչական կենտրոնների դեմ»։ Ոստիկանությանն ու հատուկ ծառայություններին հանձնարարվել է իսրայելական քաղաքներում ավելացնել կանխարգելիչ գործողությունները՝ հետագա հարձակումները կանխելու համար։
Միջադեպի վայրերում իրավապահները կատարում են որոնողական աշխատանքներ։ Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը հրահանգել է դադարեցնել բոլոր ավտոբուսների, գնացքների երթևեկությունը։