Կրթություն

Գիրք նվիրելու օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մրցանակներ հանձնեց Ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին

4 րոպեի ընթերցում

Գիրք նվիրելու օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մրցանակներ հանձնեց Ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին

Գիրք նվիրելու օրը, որը նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյանը՝ փետրվարի 19-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մրցանակներ հանձնեց Ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանում։

Մինչ մրցանակներ հանձնելը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բոլորին շնորհավորեց Ամենայն հայոց բանաստեղծի 156-ամյակի, Գիրք նվիրելու օրվա առթիվ։ «Հատկանշական է, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Գիրք նվիրելու օրվա վերածելու նախաձեռնությունը բոլորիս համար դարձավ հարազատ, բնական։ Տոնը դուրս է եկել որևէ խմբի, որևէ կառույցի, միջոցառման շրջանակից ու դարձել է հանրային։ Հաճելի է, որ մարդիկ ուղղակի միմյանց գիրք են նվիրում, խոսում են գրքի մասին, ինչը կարևոր ձեռքբերում է»,-ասաց Անդրեասյանն ու հավելեց՝ Հայաստանում առաջին անգամ կազմակերպված Ընթերցանության օլիմպիադայի միջոցով  փորձել են խրախուսել ընթերցանությունը։

Նախարարի կարծիքով՝ եթե դպրոցականները ցանկացել են մասնակցել օլիմպիադային, ուրեմն կարևորում են գիրքը, ընթերցանությունը, ինչը նաև այն աշխատանքի արդյունքն է, որն ուսուցիչները, ընտանիքի անդամները տարել են։ Նա վստահ է, որ դպրոցականների՝ Հայաստանի ազգային գրադարան այցն այդ կապն ամրապնդելու է, որովհետև գրադարանը գրքի տունն է։

Անդրեասյանի խոսքով՝ զուր չէ, որ գրադարանում է նաև Գրատպության թանգարանը, որտեղ դպրոցականները կտեսնեն, թե գիրքն ինչպես է ստեղծվել ու զարգացել՝ անցնելով տարբեր տեխնոլոգիական առաջընթացների ու մեթոդների միջով։

Ժաննա Անդրեասյանն աշակերտների համար ընթերցեց Ղազարոս Աղայանի «Խելոք գլուխը» ստեղծագործությունը, այնուհետև երեխաներն իրենց կարծիքը հայտնեցին ստեղծագործության ասելիքի, խրատների մասին, իսկ ավելի ուշ նախարարին պատմեցին, թե առօրյայում ինչ գրքեր են կարդում, ինչ ժանրեր և հեղինակների են նախընտրում։

Միջոցառման հյուրերից էր թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը, որի աշակերտների տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ քննարկում անցկացվեց, իսկ միջոցառման ավարտին երեխաներն այցելեցին Գրատպության թանգարան՝ ծանոթանալու հայ գրատպության անցած պատմությանը։

Ընթերցանության օլիմպիադան անցկացվել է  5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում «Մայրենի» առարկայի շրջանակում։ Այն անցկացվել է երկու՝ դպրոցական և մարզային փուլերով՝ տեքստի լուռ ընթերցանության և  վերարտադրության ձևաչափով։ Երևանի և մարզերի դպրոցներից օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 9849 աշակերտ, որոնցից 8687-ը փաստացի մասնակցել է առաջին փուլին: Ըստ դպրոցական փուլում ցուցաբերած արդյունքների՝  փետրվարի 12-ին կայացած մարզային փուլին մասնակցել է  632 աշակերտ։ 

Համաձայն սահմանված ընթացակարգի՝  օլիմպիադայի դպրոցական փուլի մասնակիցների կատարած աշխատանքները ստուգել են դպրոցի տնօրենի հրամանով «Մայրենի» և «Հայոց լեզու և գրականություն» առարկաների ուսուցիչներից ձևավորված հանձնաժողովները։ Մարզային փուլի մասնակիցների կատարած աշխատանքները ստուգել են մարզի  կամ Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի հանձնաժողովները։

Առաջադրանքները գնահատվել են 100 միավոր սանդղակով /յուրաքանչյուր հարցի պատասխան առավելագույնը գնահատվել է 5 միավոր/: Սխալ պատասխանի համար միավոր չի տրվել, ուղղագրական և կետադրական յուրաքանչյուր սխալի համար հանվել է 0,5 միավոր։ Առավելագույն միավորը տրվել է, եթե աշակերտի կողմից ներկայացվել է տրամաբանված, հարուստ բառապաշարով պատասխան՝ հարազատ մնալով գրվածքի բովանդակությանը՝ կատարելով բառերի ճիշտ ընտրություն, նախադասությունների համոզիչ ձևակերպում, օգտագործելով  ինքնատիպ բառապաշար։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում