Հայաստանի 15 ավագ դպրոցներում արդեն երկրորդ տարին իրականացվում է արհեստական բանականության ներդրման ծրագիր. ԿԳՄՍ փոխնախարար
3 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսվում է ընդլայնել «Արմաթ» լաբորատորիաների ցանցը և հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության ներդրման ծրագրի աշխարհագրությունը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նա նշեց, որ այս տարի շուրջ 100 միլիոն դրամի չափով ավելացել է ԱՏՁՄ-ի հետ համագործակցության շրջանակում «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը:
«Տարեցտարի լաբորատորիաների թիվն ավելանում է. դրա շրջանակում, բնականաբար, ավելանում է նաև ֆինանսավորումը: ԱՏՁՄ-ի հետ համագործակցությունը բավականին ընդգրկուն է, բայց առանձնապես ուզում եմ շեշտադրել «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված աշխատանքը: Ավելի քան 600 դպրոցներում ունենք «Արմաթ» լաբորատորիաներ, որոնց բովանդակային և տեխնիկական ապահովումն իրականացնում է ԱՏՁՄ-ն, իսկ խմբավարների աշխատավարձը հատկացվում է պետական բյուջեից»,- հայտնեց Արաքսիա Սվաջյանը:
Նա նշեց, որ սա Հայաստանում իրականացվող ամենից հաջողված նախագծերից է, որն ապահովում է դպրոցներում տեխնոլոգիական կրթության իրականացումը և անչափ կարևոր է աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու առումով:
«Մեզ համար կարևոր է, որ մեր երիտասարդները բոլոր ուղղություններով մասնագիտական կողմնորոշման նախապատրաստական աշխատանք անցնեն: Հատկապես մեխանիկա-մաթեմատիկական, ճարտարագիտական ուղղություններով «Արմաթ» լաբորատորիաներում ստացած փորձառությունը կողմնորոշիչ նշանակություն է ունենում երեխաների համար և հետագայում բավականին արդյունավետ բազա է հանդիսանում մասնագիտական կրթություն ստանալիս»,- նշեց փոխնախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ ԿԳՄՍ-ն Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ 15 ավագ դպրոցներում արդեն երկրորդ տարին իրականացնում է արհեստական բանականության ներդրման ծրագիր: Ըստ փոխնախարարի՝ հիմա FAST հիմնադրամի հետ քննարկվում է արդեն առաջիկա տարիների ծրագրերի իրականացնումը:
«Նախատեսվում է ծրագրի փուլային ընդլայնում: Փորձում ենք ընդլայնումն այնպես պլանավորել, որ աշխարհագրությունը համաչափ լինի և հանրապետության ողջ տարածքում հնարավոր լինի ապահովել: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին այս ծրագրի ուղղությամբ նույնպես բավականին ընդգրկուն հաջողություններ կարող ենք ունենալ: Ծրագրի 2025 թվականի ֆինանսավորումը, եթե չեմ սխալվում, շուրջ 900 միլիոն դրամ է»,- հայտնեց նա: