Հայաստան

Մրթբի ձորի հնավայրը

15 րոպեի ընթերցում

Մրթբի ձորի հնավայրը

Մրթբի ձոր ասված վայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի տարածքում, Արծվաքար թաղամասի եւ Կարմիրգյուղի սահմանաբաժանում, որտեղով նախկինում անցնում էր Գավառ-Մարտունի ավտոճանապարհը։ Այս տարածքը Գեղարքունիքի մարզի ամենախոշոր ու նշանավոր հնավայրերից մեկն է, ուր պահպանվել են բրոնզեդարյան ամրոցի մնացորդներ եւ բազմաթիվ դամբարաններ, որոնց որոշակի մասը ժամանակին պեղվել եւ ուսումնասիրվել է հնագետներ Երվանդ Լալայանի եւ Աշոտ Փիլիպոսյանի կողմից։ 

Դամբարաններից դուրս բերված հնագիտական նյութերը հստակ պատկերացում են տվել մեր հեռավոր նախնիների վարած կենցաղի, զբաղմունքի, սովորույթների, կրոնական ընկալումների, հավատալիքների, հասարակական հարաբերությունների, պաշտպանական համակարգերի ստեղծման, զինագործության, արհեստների, կիրառական արվեստի ու շինարարական հմտությունների մասին։ 

Մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ այս հնավայրը գործել է Ք.ա. II հազարամյակի սկզբներից եւ բավականին խիտ բնակեցված է եղել։ Տարածքը տեւական դարերի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, սակայն հնավայրն առավել տուժել է Խորհրդային ժամանակաշրջանում՝ այստեղ ծավալված տնտեսական գործունեության պատճառով։ Շատ բան է տակնուվրա արվել միսկոմբինատի կառուցման ժամանակ, մի հսկայական կառույցի, որը գրեթե ամբողջությամբ վեր է բարձրացել Մրթբի ձորի դամբարանադաշտի վրա։ Որքան էլ ցավալի է, ԽՍՀՄ փլուզումից հետո նույն միսկոմբինատից թեեւ այժմ ավերակներն էլ չեն մնացել, սակայն արդեն ոչնչացել են շատ դամբարանների հետքեր։ 

Մրթբի ձոր հնավայրի ստույգ սահմաններն այսօր դժվար է հստակորեն գծել, կամ նույնիսկ պատկերացնել, քանի որ կիկլոպյան ամրոցի ու նրան հարող դամբարանադաշտի բոլոր կողմերում, անգամ կիլոմետրերով, տարածվում են այլ հնավայրեր ու հուշարձաններ՝ բրոնզեդարյան ամրոցների, քարարկղային դամբարանների, քարայր-կացարանների գետնուղիների, բնակատեղիների, եկեղեցիների կամ վանքերի, խաչքար-տապանաքարերի տեսքով։ 

Այսպես, Մրթբի ձորի բրոնզեդարյան ամրոցի ու դամբարանադաշտի հյուսիսային կողմում՝ուղիղ դեմ դիմաց, վեր են բարձրանում ժամի դար ու Ջաղացի դար ամրոցները, որոնք իրենց հերթին արեւելյան կողմից սահմանակից են Գավառ քաղաքի կենտրոնի բլրին բարձրացող Դարի գլուխ ամրոցին։ 

Հարավարեւմտյան կողմից այն հատվում է Ծաղկեվանքի ամրոցին, որի հարավային կողմից դեպի արեւելք է ձգվում Իլիկավանքի բերդ-ամրոցը։ Արեւելքից Մրթբի ձորը հատվում է Մանուչարի դաշտի հետ, որտեղ եւս առկա են բազմաթիվ նշանավոր հնավայրեր՝ Ղամլուղի ամրոցը, Սալոյի վանքը, Քանագեղի ամրոցն ու դամբարանադաշտերը, որոնք ընդգրկում են Սեւանա լճի ափամերձ տարածքները։ Այլ խոսքով, ինչպես կարելի է ենթադրել, Մրթբի ձոր հնավայրը ժամանակին հանդիսացել է Վելիքուխի երկրի պաշտպանական ամրություններից մեկը եւ, թերեւս, դիմակայել է հարավարեւելյան կողմից սպասվելիք թշնամական ներխուժումներին։ 

Մրթբի ձորի բրոնզեդարյան հնավայրի մասին իր «Սեւանի ավազանի կիկլոպյան ամրոցները» գրքում կարեւոր տեղեկություններ է հաղորդում անվանի հնագետ Գեդեոն Միքայելյանը․ «Մրթբի ձորի կիկլոպյան ամրոցը գտնվում է ժամի դարի բերդի սարահարթի գլխին, Մարտունի տանող ճանապարհի ձախ կողմում, Կամո քաղաքից երկու կիլոմետր դեպի հարավ։ Այս հուշարձանը նման է Ժամի դարի եւ Ջաղացի դարի ամրոցներին։ Ամրոցի հարավային եւ արեւմտյան կողմերը վերջանում են խիստ ժայռապատ եւ մեծ թեքությամբ, իսկ հյուսիսային ու արեւելյան կողմերը, լինելով հարթ, պատնեշված են կիկլոպյան պարիսպներով, որոնց վրա հայտնաբերվեցին չորս քարաբուրգերի մնացորդներ։ Ամրոցը գրավում է ընդամենը կես հեկտարից քիչ ավելի տարածություն, որի համար ճիշտ կլիներ, որ այն անվանեինք միջնաբերդ, մանավանդ որ նրա հարավային ու արեւմտյան կողմերում երեւում են բազմաթիվ բնակարանների հետքեր, որոնք, անշուշտ, կապված են եղել հիշյալ ամրոցի կամ միջնաբերդի հետ։ Բնակատեղիից դուրս, նրա շրջապատում կան բազմաթիվ դամբարաններ, որոնցից մի քանիսը պեղել է Երվանդ Լալայանը։ Պարիսպների հիմքի լայնությունը 3,5 մետր է։ Աշտարակի հիմքերը վատ են պահպանվել։ Այդուհանդերձ, կարելի է որոշել դրանց մեծությունը՝ 4x4: 

Ամրոցի հարավարեւմտյան անկյունում երեւում է ստորերկրյա գետնուղու մի մուտք, որը ժայռաքարերի միջով անցնում է դեպի դիմացի ձորը եւ այնտեղից ոչ հեռու գտնվող Գավառագետի վտակը։ Գետնուղին ունի 1 մետր լայնություն, ութ մետր երկարություն, եւ պահպանվել է մինչեւ հիմա։ Ըստ երեւույթին, բնական քարանձավը հարմարեցված է գաղտնի կերպով դեպի ամրոց ելք ու մուտք անելու համար»։ 

Այս առումով, Մրթբի ձորի դամբարանադաշտում նախորդ դարի 20-ական թվականներին Երվանդ Լալայանի իրականացրած պեղումները չափազանց հետաքրքիր ու կարեւոր տեղեկություններ են հաղորդում Սևանի ավազանում բրոնզ-երկաթեդարյան պարբերաշրջաններում բնակված հանրությունների կյանքի ու կենսակերպի մասին։ Անվանի հնագետը, ինչպես ինքն է ներկայացնում «Դամբանների պեղումները Խորհրդային Հայաստանում» գրքում, Սեւանա լճի ավազանում պեղել է 516 բրոնզեդարյան դամբարաններ, որոնց մի մասը գտնվել են Մրթբի ձորում ու նրան մոտիկ տարածքներում։ Բացառիկ տեղեկություն է այստեղի դամբարանից պեղված եզան ամբողջական կմախքի հայտնաբերումը, որը փաստում է հեռավոր դարերում մեր նախնիների կողմից եզան պաշտամունքի մասին։ «Ղշլաղ գյուղի «Մրթպի ձորի» պաշտվող եզի դամբանն ամենահետաքրքրական առաջին դամբանն էր, որ գտնվում էր շարքի արեւելյան ծայրում, հարթության վրա։ Սա բավական մեծ է, 20 մետր տրամագծով մի շրջանակ ունի՝ կազմված միջակ քարերով։ Դաշտի մակերեւույթից այդ դամբանը հազիվ մի մետր բարձր լիներ, որովհետեւ գյուղացիները քարերը կրելու ժամանակ բավական քանդել էին։ Գերեզմանը սովորական մեծ սալերով ծածկված չէր, այլ լցված էր միջակ եւ մանր քարերով։ Ութ խորանարդ մետրաչափ քարեր եւ բավական հող հանելուց հետո բացվեց ամբողջ գերեզմանը՝ 6 մետր երկարությամբ, 2,6 մետր լայնությամբ եւ 4 մետր խորությամբ։ Այս ընդարձակ տարածության մեջ, գերեզմանի երկարությամբ, հյուսիսային պատին կից, աջ կողքի վրա պառկած էր մի մեծ եզան կմախք, որի գանգը վերցրի։ Գլխի մոտ ոչինչ չկար դրված, իսկ պոչի մոտ կային կավե ձագարաձեւ երեք խողովակ եւ մի խեցի, որ շատ նման էր այժմյան մեր գյուղերում եւ քաղաքներում գործածված խնկանոցին։ Սրա մոտ էլ գտնվում էր մի փոքրիկ կավե արկղիկ, նախշերով զարդարված։ Թույլ եմ տալիս ինձ ենթադրելու, որ կովկասյան այս Ապիսի պոչի մոտ դրված երեք խողովակները, որ հիշեցնում են ատրուշանները, դրվել են կրակի վրա՝ նրան ավելի բորբոքելու նպատակով, եւ սրա մեջ ածել են խունկ, որ դրված է եղել կավե արկղիկի մեջ։ Իսկ խնկանոցանման ամանը երեւի դրվել է ձագարաձեւ խողովակների վրա՝ խնկի ծուխն իր մեջ ամփոփելու եւ իր վրայի ծակերով ծխելու։ Սրանից քիչ հեռու, այդ սրբացած եզան ոտքերի մոտ, հետեւապես եւ հարավային պատին կից, դրված էր մի պուլիկ՝ ոչխարի ոսկորներով։ Սրա գանգն ուղարկեցի Լենինգրադի կենդանաբանական թանգարանին»,-գրում է Երվանդ Լալայանը։ 

Լալայանը Մրթբի ձորում բացել է նաեւ այլ դամբարաններ, որոնցից դուրս է բերել հնագիտության համար կարեւոր արժեք ներկայացնող իրեր։ 

«Մրթբի ձորի արեւմտյան կողմում, Նոր Բայազետի սահմանի մոտ, Մալականի դարի գլուխ կոչված տեղում, պեղեցի 3 դամբան, որոնք տեղավորված էին մի շարքով, հյուսիսից հարավ։ Սրանցից երկուսն արդեն բացված էին, իսկ միջինը՝ բոլորովին անեղծ։ Սրա տրամագիծը 5 մետր էր, իսկ բարձրությունը՝ հազիվ 0,5 մետր։ Շուրջանակի պատած էր քարերով։ Գերեզմանն ուղղված էր արեւելքից արեւմուտք, ուներ անտաշ քարերի չորս պատ եւ ծածկված էր 3 սալքարով։ Երկարությունն էր 2,5 մետր, լայնությունը՝ 1,5 մետր եւ խորությունը՝ 2 մետր։ Գերեզմանն ամբողջովին լցված էր հողով եւ կավային շերտով բաժանված էր երկու մասի՝ վերին եւ ներքին։ Ներքեւի մասում, իրար մոտ, կողք կողքի ու երեսները միմյանց դարձրած, հյուսիսից հարավ պառկած էին երկարագլուխ մի տղամարդու եւ մի կնոջ կմախք։ Տղամարդու մոտ գտնվեց բրոնզե մի դաշույն եւ մի գոտի, իսկ կնոջ մոտ՝ բավականաչափ ուլունքներ, բրոնզե ապարանջան ու մի մատանի, ինչպես նաեւ՝ մի մախաթ։ Գերեզմանի վերին մասում՝ պպզած ձեւով, կային հինգ մարդկային եւ մի գորշուկի կմախք, ինչպես եւ մի ոչխարի գլուխ։ Պարզ է, որ գերեզմանի ներքին մասում պառկածները տերերը, իսկ վերեւի մասում պառկածները նրանց ծառաներն ու կենդանիներն են եղել»։ 

Մրթբի ձորին մոտիկ, Արծվաքարի Աղբրի ձորի դամբարաններից քսանյոթերորդի տրամագիծը, ինչպես նկարագրում է Լալայանը, եղել է 6 մետր՝ ծածկված 3 սալքարերով։ Դամբանի հյուսիսային կողմում բացվել է մի փայտե փտած դագաղ, որի մեջ եղել է երեխայի կմախք՝ արեւելքից արեւմուտք պառկած։ Սա փաստում է այն մասին, որ Հայաստանի հեթանոսական շրջանի դամբարանում միջնադարում՝ քրիստոնեական վերաթաղում է արվել։ Վաղ շրջանի թաղմանը վերաբերող մարդկային խառնիխուռն ոսկորների մեջ գտնվել է բրոնզե դաշույն, երկու մեծի եւ երկու երեխայի երկու ապարանջան, մի մատանի եւ մի գեղեցիկ քարե գինդ։ Նույն գերեզմանի հարավային մասում, սալերի տակ, գտնվել է երեսները միմյանց դարձրած, պառկած մի տղամարդու ու մի կնոջ կմախք, վերջինիս մոտ՝ երկու երեխայի կմախքներ՝ պպզած վիճակում, ոտքերի մոտ մի կավե ճրագ և մի պուլիկ դրած։ Տղամարդու մոտ գտնվել է մի գորշուկի կմախք, մի գավազանի բրոնզե գլուխ, բրոնզե զույգ ապարանջան ու բավականաչափ ուլունք։ 

Այդ չափազանց հեռավոր ժամանակներում, պարզվում է, մարդիկ եղել են ոչ պակաս զարդասեր, քան թե մեր օրերում է։ Այսպես, Երվանդ Լալայանը Արծվաքարի Մանիչարի բլրի երկրորդ դամբանից հանել է կնոջ կմախք, որն ամբողջությամբ զարդարված է եղել բազմաթիվ ու բազմապիսի զարդերով՝ ականջներին կլոր գինդեր, վզին՝ երկու մանյակ, մեջքին՝ բրոնզե գոտի, որից կախված են եղել նրա մոտ գտնված կիսալուսնաձեւ եւ զանգականման ու կարապանման զարդերն ու մի դաշույն։ Աջ ձեռքին եղել է յոթ հատ ապարանջան, մատների վրայից հավաքվել է 30 մատանի, որոնցից տասը, հնգական հատ, շարված են եղել երկու մատերին։ Ոտքերին եւս եղել է 2 ապարանջան։ 

Ինչպես վկայում է Երվանդ Լալայանը՝ Մալականի դարի գլխի դամբանների պեղումների ժամանակ նրան են մոտեցել բազմաթիվ գյուղացիներ ու պատմել, որ նման դամբարաններ բացվել են արտը վարելու կամ նոր կառուցվող տան ու գոմի հիմքերը փորելու ժամանակ։ Անգամ պատմում են, թե ինչ իրեր են դուրս բերել գերեզմաններից։ Մի գյուղացի էլ պատմում է շինարարական աշխատանքների ժամանակ իր հողամասում գտնվող դամբանից դուրս բերված մի քարի մասին, որի վրա եղել է անհասկանալի գիր, որը տեղի գրագետները չեն կարողացել ընթերցել։ Անվանի հնագետը մինչեւ վերջ գնացել է այդ քարի հետքերով, որը գտել է Կարմիրգյուղում՝ գյուղացու դռան առաջ ընկած, ու այն տեղափոխել Հայաստանի պատմության թանգարան։ Դժվար չէ եզրակացնել, որ այդ քարը Արտաշիսյան այն սահմանասյունն է՝ արամեատառ արձանագրությամբ, որը հայտնաբերվել է Կարմիրգյուղի տարածքում։ 

Մրթբի ձորի դամբարաններում 1990-1991 թվականներին հնագիտական պեղումներ է իրականացրել նաեւ հնագետ Աշոտ Փիլիպոսյանը։ «Զոմփի խցեր» կոչվող տարածքում նա պեղել է երկու դամբարան՝ այնտեղից դուրս բերելով բրոնզեդարյան դաշույն և խեցեղեն։ 

«Մրթբի ձորի տարածքում ու նրա շրջակայքում բազմաթիվ դամբարաններ կան, որոնք դեռ ուսումնասիրված կամ պեղված չեն։ Մեր կողմից ծրագրվել է առաջիկայում այստեղի դամբարանադաշտում հերթական պեղումներն իրականացնել՝ նախկինում արված պեղումների արդյունքները լրացնելու, նոր բացահայտումներ կատարելու նպատակով։ Ավելորդ չէ նշել, որ այս հնավայրն իր մեջ թաքցնում է մեր ժողովրդի պատմամշակութային արժեքների այնպիսի հարուստ գանձարան, որը կերտվել է հազարամյակներով ու, որոշակի ավերումներով ու կորուստներով հանդերձ, հասել մինչեւ մեր օրերը»,-նշեց Աշոտ Փիլիպոսյանը։

Մրթբի ձորի դամբարանադաշտում, նախկին միսկոմբինատի շենքի հարավային կողմում կան մի քանի հնագույն դամբարաններ, մի քանի մետր խորությամբ ու լայնությամբ, բոլորեքյան քարաշար ու հսկայական սալերով ծածկված, որոնցից յուրաքանչյուրը մի քանի տոննա կշիռ ունի։ Դամբարանները գտնվում են կիսաբաց, հողից գրեթե զուրկ վիճակում, ինչը հնարավորություն է տալիս՝ սովորական աչքով զննելու դրանց շինարարական յուրահատուկ կառուցվածքը եւ ենթադրելու դրանցում ամփոփված մարդկանց սոցիալական բարձր կարգավիճակի մասին։ 

Խոշոր տրամագծով ու կլոր շարվածքով մի դամբարան էլ գտնվում է Մրթբի ձորի արեւելյան կողմում, որի մեջ լրիվ բացված վիճակում է երկու դամբանախուց։ Դրանց ծավալներն ու հաշվարկված կառուցապատումները եւս պարզորոշ հուշում են, որ այստեղ ամփոփվել են երեւելի մարդիկ, որ սա եղել է վաղ պետական կազմավորման կողմից վերահսկվող ու կառավարվող տարածք, ուր անհիշելի ժամանակներից ապրել են մեր ժողովրդի նախնիները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում