Իրան

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին միջուկային ծրագրի հարցում. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին միջուկային ծրագրի հարցում. Պեսկով

Մոսկվան պատրաստ է աջակցություն ցույց տալ Թեհրանին այն խնդիրների լուծման հարցում, որոնք կապված են իրանական միջուկային ծրագրի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը IRNA գործակալությանը տված հարցազրույցում։

«Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ լավ հարաբերություններին և մտադիր է համակողմանիորեն զարգացնել դրանք՝ այդ թվում օգնություն ցույց տալ կարևորագույն խնդիրների լուծման հարցում, ներառյալ միջուկային ծրագիրը», - նշել է Պեսկովը։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ   Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ 

«Մենք համոզված ենք, որ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների կողմից քաղաքական կամքի առկայության դեպքում   Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է և պետք է լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով», - նշել է Պեսկովը հարցազրույցում։

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագիրը, սակայն դա չի եղել քննարկման գլխավոր թեման։ Հիմնական ուշադրությունը նվիրվել է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը, հավելել է նա։

Պեսկովի խոսքով՝ ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը ոչ մի ազդեցություն չի ունենա Մոսկվայի և Թեհրանի հետագա համագործակցության վրա։

Փետրվարի 10-ին Թրամփը հայտարարել էր, որ Իրանին կարելի է հետ պահել միջուկային զենք ստեղծելուց կա՛մ ռումբերի, կա՛մ համաձայնագրի ստորագրման միջոցով։ ԱՄՆ ղեկավարը հավելել էր, որ կցանկանար գործարք կնքել իսլամական հանրապետության հետ և չընտրել ռազմական ճանապարհը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում