Կրթություն

ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնակցել է «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնակցել է «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությն մեջ նշվում է, որ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները, որոնց ընթացքում գիտական եւ տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում բարձրաձայնելու խնդիրների մասին:

«Այսօր աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների համատեքստում տարբեր երկրներում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, ռազմավարական նոր առաջնահերթություններ: Բնականաբար, Հայաստանում նման մարտահրավերներին դիմակայելու համար համապատասխան ոլորտային, դինամիկ աշխատանքներ են իրականացվում»,- ասել է Հակոբ Արշակյանը «Գիտություն եւ տեխնոլոգիա. ռազմավարական նպատակներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում:

Որպես ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավար՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ձեւավորվել է 8 աշխատանքային խումբ, որոնցում ներգրավվել են շուրջ 70 ոլորտային մասնագետներ, գիտության ոլորտի ձեռներեցներ, հեղինակավոր անձինք Հայաստանից եւ սփյուռքից. նպատակն է նպաստել Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել կրթության, գիտության եւ արդյունաբերության ոլորտների բաղադրիչներ պարունակող 5 ճյուղերի (արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն եւ ավիատիեզերական, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա եւ կյանքի գիտություններ) զարգացմանն ուղղված ծրագրերը:

Նա շեշտել է, որ կրթության, գիտության եւ արդյունաբերության ուղղությունների ներդաշնակ զարգացումը կարող է բերել թռիչքային զարգացման, որը կարեւոր դերակատարում ունի պետության մրցունակության, անվտանգության եւ կենսամակարդակի բարձրացման գործում:

Հակոբ Արշակյանը նշել է, որ վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումը երեք անգամ ավելացել է. 

«Մեր բոլորի նպատակն է համատեղ ջանքերով աջակցել Հայաստանում գիտության զարգացման կայացմանը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական ֆինանսավորման միջոցները վերջին հինգ տարում  ավելացվել են շուրջ 5 անգամ: Մեր խնդիրն է օգնել Կառավարությանը հնարավորինս արդյունավետ բաշխել միջոցները` նպաստելով ոլորտի կայուն զարգացմանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը՝ շեշտելով կրթության, գիտության, արդյունաբերության փոխկապակցված զարգացման անհրաժեշտությունը:

Հակոբ Արշակյանը պատասխանել է գիտական համայնքի ներկայացուցիչների հարցերին: Անդրադարձ է կատարվել արդյունաբերական նորարարությանը, ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերին, ակադեմիական գիտական հետազոտություններին եւ պետություն-մասնավոր համագործակցությանը:

Ոլորտային օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործընթացում կարեւորվել է գործադիրի, օրենսդիրի եւ գիտական համայնքի համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում