ԲՏԱ նախարարը ՏՀՏ գործատուների միության խորհրդի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող մի շարք առանցքային հարցեր
2 րոպեի ընթերցում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել ՏՀՏ գործատուների միության խորհրդի ընդլայնված կազմի հետ, որի ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նա նշել է, որ հատուկ անդրադարձել են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նոր կարգավորումներին և ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին։ Քննարկել են նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) որակման մեխանիզմը, որը կօգնի ամրապնդել ոլորտի գիտական հիմքը։ Խոսել են ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկից, որի շնորհիվ 32 ուղղությամբ գործող ընկերությունները կկարողանան օգտվել պետական աջակցություններից և հարկային արտոնություններից: ՏՀՏ գործատուների միության ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են առաջարկել՝ միասին աշխատելու ոլորտի օրենսդրական կարգավորումների կատարելագործման վրա։
«Կարևոր է ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը անընդհատ զարգացող է և պահանջում է ճկուն քաղաքականությունների որդեգրում՝ շուկայի փոփոխություններին համահունչ լինելու համար։ Այդ համատեքստում կարևոր է նաև համարձակ քայլերի գնալը՝ նորարարական լուծումների և մրցունակության խթանման համար։
Շարունակում ենք բաց լինել տեխնոլոգիական համայնքի առաջարկների համար և պատրաստ ենք համատեղ ջանքերով նպաստել ոլորտի կայուն զարգացմանը»,- գրել է Հայրապետյանը։