Քաղաքականություն

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ՌԴ-ի և Իրանի մոտեցումները հիմնականում համընկնում են. Զախարովա

3 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ՌԴ-ի և Իրանի մոտեցումները հիմնականում համընկնում են. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները հիմնականում համընկնում են։ 

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Զախարովան ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ  դա ամբողջությամբ հաստատվել է այս տարվա հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրով։  

«Այս փաստաթղթի համաձայն՝ կողմերը նպաստում են հարակից տարածաշրջաններում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասում, և համագործակցում են՝ երրորդ ուժերի ապակայունացնող միջամտությունը կանխելու նպատակով։ Կարծում եմ, որ այս փոխըմբռնման ամրագրումը միջպետական հիմնարար փաստաթղթում, որը նախատեսված է 20 և ավելի տարվա հեռանկարի համար, շատ բան է ասում։ 

Միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանը եռակողմ աշխատանքային խմբի անդամ է, որը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով»,- ասել է Զախարովան և ավելացրել, որ խմբի շրջանակում հսկայական աշխատանք է կատարվել ոչ միայն իրավական հիմքերի, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների վերականգնման տեխնիկական պարամետրերի համաձայնեցման ուղղությամբ։ 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հենց եռակողմ աշխատանքային խմբում է ձեռք բերվել համաձայնություն հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնական սկզբունքի վերաբերյալ, որը կայանում է այն բանում, որ հաղորդակցությունների նկատմամբ պահպանվում են տվյալ պետությունների ինքնիշխանությունն ու իրավասությունը։

 «Այդ պայմանն, ընդունվել է թե՛ Բաքվի, թե՛ Երևանի կողմից։ Սակայն, ցավոք, պետք է նշեմ, որ այս պահին աշխատանքները դադարեցված են հայկական կողմի դիրքորոշման պատճառով։ Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ վերսկսելու լիարժեք համագործակցությունը այդ խմբում»,- նշել է Զախարովան: 

Ավելի վաղ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որի դիրքորոշումը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը Հարավային Կովկասում տարածաշարջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում