Մշակույթ

Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին Կինոյի տանը բացվեց «Տերը» մուլտիմեդիա ցուցահանդեսը

4 րոպեի ընթերցում

Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին Կինոյի տանը բացվեց «Տերը» մուլտիմեդիա ցուցահանդեսը

Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանին գրողի ծննդյան օրը՝ փետրվարի 12-ին, Կինոյի տանը բացվեց «Տերը» խորագրով մուլտիմեդիա ցուցահանդեսը, որի շրջանակում առաջին անգամ ներկայացվեց «Տերը» կինովիպակի սցենարը՝ ձեռագիր, գրողի ուղղումներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության բացմանը Կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանն ասաց՝ կարծում է՝ դահլիճում յուրաքանչյուրն իր հոգում պահում է Մաթևոսյանի մասին հիշողությունները, դիտում է նրա սցենարներով նկարահանված ֆիլմերը, կարդում է գրականությունը։ «Այս ցուցադրության «մեղավորը» Արայիկ Մանուկյանն է, որը ցանկացավ Հրանտ Մաթևոսյանի հետ կապված իր երազանքների մասին պատմել ցուցահանդեսով։ Սա լուռ պատմություն է, ֆիլմ չէ, բայց կարող է ֆիլմի համար հետաքրքիր նյութ դառնալ»,-նշեց Խաչատրյանը։

Ցուցահանդեսի նախաձեռնող, «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանի խոսքով՝ Մաթևոսյանը չէր կարող չլինել Կինոյի տանը, որովհետև հայկական կինոյի լավագույն նմուշները Մաթևոսյանի ժառանգության մասն են կազմում։ «Չուզեցինք ցուցադրել որևէ ֆիլմ, որովհետև բոլորը տեսել են մաթևոսյանական կինոնկարները։ Ցանկացանք ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է լինել իր Մաթևոսյանի հետ։ Ոչինչ չենք պարտադրել. մաթևոսյանական խոսքն է հնչում, մաթևոսյանական տեքստը, նրա միջավայրին հատուկ երաժշտություն է հնչում և առաջին անգամ Մաթևոսյանի արխիվից ցուցադրում ենք նրա «Տերը» կինովիպակի սցենարը՝ ձեռագիր, նրա ուղղումներով»,-ասաց Մանուկյանը։

Գրականագետ, էպոսագետ, «Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի» գրքի կազմող Հայկ Համբարձումյանը կարծում է՝ հայ ժողովրդի համար բարեբախտություն է Մաթևոսյանի պես մեծ գրող ունենալը։ «Ինձ համար գրական աշխարհը հասկանալու ամենակարևոր բանալիները տվել է Հրանտ Մաթևոսյանը։ Նա ասում է՝ ինչ լինում է, առաջին հերթին խոսքի մեջ է լինում, ասում է՝ գրականությունն Աստծու չափ արարիչ է, այսինքն՝ ստեղծում է ինչ-որ բան։ Մաթևոսյանը երանի է տալիս բոլոր նրանց, ովքեր մարդու համար գրում են իր գիրը, մարդու մեջ բացում են իր լույսը և արձակում են ձգտումը։ Ըստ Մաթևոսյանի՝ գրականությունն առաջին հերթին պետք է մարդու մեջ եղած լույսը բացի։ Նա ասում է, որ յուրաքանչյուրի մեջ Աստված կա, որը հարգանքի է արժանի։ Այս բոլոր պատգամները մեզ համար շատ կարևոր են։ Նրա գրականությունը, կարող է դժվարընթեռնելի թվալ... Գյուղի մասին գրվածքները խորություն ու մեծ նշանակություն ունեն, քանի որ մարդու, հայրենիքի մասին են։ Հատկապես մեր օրերում, մեր երկրում ամեն օր պետք է Մաթևոսյան կարդալ, որովհետև նա խոսում է  կարևոր բանի մասին, որ մենք պետք է տեր կանգնենք մեր հողին, տեր կանգնենք մեր ժամանակին»,-շեշտեց Համբարձումյանը։

Ըստ նրա՝ այլ է խնդիրը, որ մեր ժամանակներում  դժվար է այդպիսին լինելը, սակայն Մաթևոսյանը, հետևելով Թումանյանին և մյուս մեծերին, հորդորում է տեր լինել կյանքին, հողին, երկրին։

Գրականագետը կարծում է՝ գուցե Մաթևոսյանին բավարար չեն ընթերցում, քանի որ նրա խոսքը խիտ է, բայց, երբ մտնում ես նրա աշխարհ, գտնում ես բանալիները, հեշտանում է։ «Գուցե բարդ է նաև այն, որ Մաթևոսյանը խիստ և առանց ընթերցողին քծնելու է գրում։ Նա սթափ է, զգոն է ու կարող է ցավոտ բաներ ասել՝  առանց թաքնվելու գեղարվեստական ձևերի մեջ։ Գուցե դա շատ ընթերցողների սրտով չէ, քանի որ մարդիկ ձգտում են գրականության մեջ ժամանց գտնել, իրենց տեսնել, բայց Մաթևոսյանի գրականության մեջ իդեալական հերոսներ չկան, իրական մարդն է, որն իր խավարից գալիս է ու գնում դեպի լույսը»,-ընդգծեց Հայկ Համբարձումյանը։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում