ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի գլխավորությամբ՝ մագիստրանտները, ասպիրանտներն ու ակադեմիայի աշխատակիցներն այցելել են ՀՀ կառավարության շենք՝ ճանաչողական այցով:
Վերջիններիս ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեության հիմնական սկզբունքները: Այնուհետև վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է այցի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի կառավարման համակարգին, արտաքին քաղաքականությանը, զբոսաշրջության զարգացման միտումներին, մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:
Հյուրերը եղել են Կառավարության նիստերի դահլիճում, խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում, ընդունելությունների փոքր սրահում, վարչապետի աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակում, Կառավարական 1-ին տան թանգարանում, ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը: