Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում բացվեց «Ինքնանկարի փորձ» ցուցադրությունը

7 րոպեի ընթերցում

Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի շրջանակում կազմակերպված «Ինքնանկարի փորձ» ցուցադրությունում ժամանակագրական սկզբունքով ընդգրկվել  են գրողի լուսանկարները, որոնցում այցելուները «հանդիպում» են Մաթևոսյանին, նրա ծնողներին, նրա ընտանիքի մյուս անդամներին։ Լուսանկարներում արտացոլվում է արձակագրի անցած ճանապարհը՝ Ահնիձորից դեպի քաղաք և մուտքը գրականություն, գրական միջավայր։ Ակնառու է նաև նրա կապը Հովհաննես Թումանյանի հետ, քանի որ ցուցադրության կենտրոնում Թումանյանի  և Մաթևոսյանի աթոռներն են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը բացվեց Հրանտ Մաթևոսյանի ծննդյան նախօրեին՝ փետրվարի 11-ին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում։

Ցուցահանդեսի հեղինակ, համակարգող Անի Եղիազարյանն ընդգծեց՝ առաջին անգամ է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում հենց Մաթևոսյանին նվիրված ցուցահանդես բացվում։

«Մաթևոսյանը մի ակնարկ ունի, որում խոսում է իրենց գյուղից՝ Ահնիձորից հեռացած երիտասարդների մասին, որոնք մեկնել են պատերազմ և անգամ մեկ լուսանկար չեն ունեցել։ Նա ինքնակենսագրություն գրեց՝ վկայելով, թե ինչպես է պատկերացնում իր նկարը։ Սա մեզ համար շատ արդիական խորհուրդ ունի։ Մաթևոսյանը միշտ ձեռքը հայի զարկերակին էր պահում, հայ ինքնության խնդիրներով էր մտահոգվում  և նրա ծննդյանը պետք է նորից խոսվեր այդ մասին»,-ասաց Եղիազարյանը։

Հովհաննես Թումանյանի թանգարանում մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնում։ Ըստ Եղիազարյանի՝ այդ փաստը ևս փոխշղթայում է լոռեցի մեծություններին, և կապվում են թումանյանական խոսքը, միտքը, որն ընկալել ու հետագայում փոխանցել է Մաթևոսյանը։

Նա նշեց, որ Մաթևոսյանը եղել է Թումանյանի կենսագիրներից մեկը գեղարվեստի հզոր գրչով։ 

«Երբ կարդում ենք Մաթևոսյանի ակնարկները, որևէ մեկս չի մտածում, որ այնտեղ Թումանյանի կենսագրությանն է հանդիպում, այնինչ խորքում այդ կենսագրությունն է։ Նա մի ակնարկ ունի, որ կոչվում է «Կատարելություն» և մյուսը՝ «Ամենայն հայոց բանաստեղծը»։ Այս երկուսն էր վկայում են նրանց հոգևոր կապի մասին»,-շեշտեց Անի Եղիազարյանը։

Հրանտ Մաթևոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանը, ներկա էր ցուցադրությանը։ Նա ընդգծեց՝ ելույթ է ունենում ոչ որպես Մաթևոսյանի տիկին, այլ՝ գրականության սիրահար, գրականություն, որի նկատմամբ սերը նրան ուղեկցում է մինչ օրս։

«Երբ ծանոթացա Հրանտի հետ, նա Ֆեզե-ի աշակերտ էր։ Քույրս խմբագրությունում էր աշխատում, իսկ Հրանտին տպարանից էր ճանաչում՝ որպես գրաշարի։ Թե ինչ եղավ, բոլորդ գիտեք։ Մի խոսքով՝  ես երջանիկ եմ եղել, որովհետև անընդհատ լեցուն եմ եղել գրականությամբ, թատրոնով։ Մեր ընտանիքը շատ նվիրված է եղել Հրանտին և նա բախտավոր էր որպես գրող, շատ գնահատվել է կենդանության օրոք, բազմաթիվ լեզուներով է թարգմանվել։ Մի տասը տարի առաջ 32 երկրում նրա գրքերը հրատարակվել են։ Հրանտը գեղեցիկ կյանք է ունեցել։ Ինձ առաջին բախտավորն եմ համարում, հետո այն մարդկանց, որոնք սիրել են նրա գարականությունն ու տրվել են նրան»,-շեշտեց Մովսիսյանը և հավելեց՝ իրենց տանը Թումանյանի նկատմամբ պաշտամունք է եղել, ուստի անհնար էր ցուցադրության մեջ չանդրադառնալ նրան։

Վերժինե Մովսիսյանը կարծում է՝ ճակատագիր է, որ Թումանյանն ու Հրանտը ցուցադրությանը «հանդիպել» են։

Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, հիշեցրեց Հրանտ Մաթևոսյանի  «Մենք դեռ դարասկզբին ենք» հոդվածն ու շեշտեց՝ մենք անընդհատ դարասկզբին ենք մեր մշակույթը արծարծելու, վերարծարծելու, բացահայտելու, ճանաչելու գործում։ 

«Խիստ պայմանականորեն ասած՝ մեր ուսյալ մեծամասնությունը միշտ դարասկզբում է և շատ հաճախ այդպես էլ գալիս, այդպես էլ գնում է՝ առանց իրականում տեղյակ լինելու իր մշակույթից։ Մաթևոսյանին ինչքան ուսումնասիրենք, այնքան բացահայտումներ կանենք, ինչպես Չարենցի,  Թումանյանի, Նարեկացու, Քուչակի և այլոց մասին։ Նրանք խորը շերտեր ունեն, որոնք մեզ ազգային ինքնագիտակցություն, պետական հայեցակարգ, պետականության գաղափարախոսություն, արժեհամակարգ են տալիս»,-ընդգծեց նա։

Դավիթ Մաթևոսյանը մեր ողբերգությունը համարեց այն, որ հաճախ  այդ հանճարների արժեքը չի գիտակցվում։ 

«Դա մեր խորը դրաման է և խարխափելու պատճառը։ Մենք հաճախ խարխափում ենք, որովհետև Մաթևոսյանի պարզ թվացող «ես ես եմ» ձևակերպումը պարզ բան է նշանակում, որ մարդը նախ պետք է իրեն սիրի, իրեն ճանաչի ու հարգի, նույնը և երկիրը, պետությունը, որպեսզի երկու ոտքի  վրա կանգնի ու ասի՝ ես ես եմ»,-շեշտեց արձակագրի որդին։

Նա տեղեկացրեց, որ «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Մաթևոսյանի որոշ գործեր թարգմանվելու են օտար լեզուներով։ 

Ցուցադրությունից զատ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը կազմակերպել է մի շարք այլ հոբելյանական միջոցառումներ։ Փետրվարի 11-ին ժամը 19։30-ին տեղի կունենա արտապատկերում արհեստական բանականությամբ՝ Հրանտ Մաթևոսյանի տան պատշգամբից (Պուշկինի փ., ժուռնալիստների միության շենք): Արհեստական բանականությամբ ստեղծված արտապատկերման միջոցով Մաթևոսյանի պատշգամբից հանրությանը «ներկայանալու է» ինքը՝ հանճարեղ գրողը, ասելու՝ «Ես տեր եմ իմ ժամանակին», որին հաջորդելու են մաթևոսյանական ընթերցումներ։ 

Փետրվարի 12-ին ժամը 14:00-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի Հրանտ Մաթևոսյանի հիշատակին: Հաջորդիվ տեղի կունենա մաթևոսյանական «Ես տեր եմ իմ ժամանակին» տեքստի ընթերցում։

Փետրվարի 12-ին ժամը 16։00-ին Կինոյի տանը տեղի կունենա «Տերը» մուլտիմեդիա ցուցահանդեսի բացումը: 

 

 

Հայերեն