Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել է դժոխքով՝ մինչև փետրվարի 15-ի կեսօր պատանդներին ազատ չարձակելու դեպքում
2 րոպեի ընթերցում
![Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել է դժոխքով՝ մինչև փետրվարի 15-ի կեսօր պատանդներին ազատ չարձակելու դեպքում](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/SamrYvUGcJjVtq0pY4yOztn5nEggPfLsTIIswG1i.webp)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է բաց թողնի իր մոտ պահվող բոլոր իսրայելցի պատանդներին մինչև փետրվարի 15-ի կեսօր, այլապես ինքը կառաջարկի չեղարկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրը և «թույլ կտա, որ դժոխքը վրա հասնի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայել վերադարձված պատանդների վերջին խմբի վիճակի, ինչպես նաև պատանդների ազատ արձակումը հետաձգելու մասին ՀԱՄԱՍ-ի վերջին հայտարարության առնչությամբ։
«Իմ տեսանկյունից, եթե բոլոր պատանդներին չվերադարձնեն մինչև շաբաթ օրը, ժամը 12-ը, կարծում եմ, որ դա հարմար ժամանակ է, ապա ես կասեի՝ չեղարկեք դա և դադարեցրեք բոլոր խաղադրույքները, և թող դժոխքը վրա հասնի: Ես կասեի, որ նրանք պետք է վերադարձվեն մինչև շաբաթ օրը ժամը 12-ը», - ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել, որ ազատ արձակվեն բոլոր պատանդները միասին, ոչ թե փոքր խմբերով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հաստատել էր Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և այն վերականգնելու իր մտադրությունը։ Նա նաև չի համարում, որ պաղեստինցիները կարող են վերադառնալ անկլավ։