1 րոպեի ընթերցում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դեռևս չի հեռանում ծանրամարտից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարտիրոսյանը երկու շաբաթ առաջ մասնակցել է Գերմանիայի Բունդեսլիգայի մրցաշարի և Հայաստանի առաջնության մասնակցության մասին իմացել է միայն մեկ շաբաթ առաջ:
«Որոշում եմ կայացրել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին հանդես գալ 109 կգ քաշային կարգում: Հիմա կշռում եմ 115 կգ և ինձ թվում է հեշտությամբ հետ կիջնեմ 109 կգ քաշին: Հետագայում` քաշերի փոփոխությունից հետո, կլինեմ 110 կգ: Մինչև Եվրոպայի առաջնությունը կհասցնեմ լավ մարզավիճակ ձեռք բերել»,-ասաց Մարտիրոսյանը:
Աշխարհի բազմակի չեմպիոնի խոսքով` Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքներ շատ փոքր կիլոգրամներ են:
«Ես ծանրամարտում դեռևս խոսք ունեմ ասելու: Ինձ այս մարզաձևից ոչինչ պետք չէ, բայց ասելու բան ունեմ. կասեմ ասելիքս ու դրանից հետո նոր կհեռանամ»,-ասաց Մարտիրոսյանը:
Սիմոն Մարտիրոսյանը Ռիո-2016 և Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր: