Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց ԳՊՀ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանին նվիրված հուշ-ցերեկույթ
3 րոպեի ընթերցում
![Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց ԳՊՀ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանին նվիրված հուշ-ցերեկույթ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/QHGq0i0LXBsGsKB2bzpVgJ8qghtUVu8J3hlAPmo1.webp)
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Հակոբյանին նվիրված հուշ-ցերեկույթ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի աշխատակազմից, թանգարանում 2012 թվականից բացվել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի, ԳՊՀ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանին ներկայացնող մշտական ցուցադրությունը: Իսկ հերթական հուշ-ցերեկույթի շրջանակում բացվեց նոր ժամանակավոր ցուցադրությանը, որով ներկայացնում են Հրանտ Հակոբյանին շնորհված պարգևները:
Հուշ-ցերեկույթին մասնակցել են Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, թանգարանի աշխատակիցները, Հրանտ Հակոբյանի ընտանիքի անդամները, նրան աշակերտած մարդիկ ու գործընկերները: Հրանտ Հակոբյանի կյանքն ու գիտամանկավարժական և հասարակական գործունեության մասին զեկուցում է ներկայացրել Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։
«Մանկավարժական և դասախոսական աշխատանքը մեկտեղվում է չընդհատվող ուսումնառության հետ: Որպես մշտապես կրթվող մարդ՝ Հրանտ Հակոբյանը կարողանում էր ճիշտ գնահատել սովորողների պահանջներն ու կարիքները, ինչը հանգեցնում է բարեփոխումների այն ուսումնական հաստատություններում, որտեղ նա դասավանդում է: Այս հանգամանքն աննկատ չի մնում և արժանի գնահատական է ստանում: Հրանտ Հակոբյանի գործունեության պսակը, սակայն, դառնում է հայրենի եզերքում բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրումը, որը նաև նրա վաղեմի երազանքի իրականացումն էր»,-ներկայացրել է զեկուցողը:
Ցերեկույթի բանախոսին շարունակել և նրա հաղորդած տեղեկությունները լրացրել են Հրանտ Հակոբյանին ճանաչող, նրա հետ լավ և դժվարին օրեր ապրած, նրա կյանքն ու գործն արժեւորող մարդիկ՝ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Մուդոյանը, Գավառի պետական համալսարանի դասախոս Համլետ Ղաջոյանը, մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Մեխակ Ավետիսյանը։
Հրանտ Հակոբյանին նվիրված ցերեկույթն ուղեկցվել է Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ Շահեն Շհոյանի, Նրա դուստր Էլեն Շհոյանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Լիլյա Հովհաննիսյանի, «Հայրենի երգ» ժողովրդական ստուդիայի սան Ալեն Գոքոյանի գեղարվեստական կատարումներով: