Էկվադորում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթողը չի որոշվել
2 րոպեի ընթերցում
![Էկվադորում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթողը չի որոշվել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/eFUcuMjt6tqbPZTQUuIOsvL3CsaCI9l7qCKTZbNJ.webp)
Էկվադորում կայացած նախագահական ընտրություններում ձայների 80%-ի հաշվարկից հետո չի հաջողվել որոշել առաջին փուլում հաղթողին: Երկրում, ամենայն հավանականությամբ, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Քվեաթերթիկների 80 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ պահպանողական Դանիել Նոբոան ստացել է ձայների 44,43 տոկոսը, ձախ ուժերի ներկայացուցիչ Լուիսա Գոնսալեսը՝ 44,17 տոկոսը։ Այսպիսով, նրանք, ամենայն հավանականությամբ, կանցնեն երկրորդ փուլ, որը պլանավորված է անցկացնել ապրիլի 13-ին։
Քվեարկությանը կարող էր մասնակցել շուրջ 13,7 մլն ընտրող։ Առաջին փուլում մասնակցությունը գերազանցել է 83 տոկոսը։
Առաջին փուլին մասնակցել է 16 թեկնածու։ Նրանց բոլորի նախընտրական հիմնական խոստումը դարձել է հանցավորության և նարկոմաֆիայի դեմ պայքարը։
AP-ն հիշեցնում է, որ Նոբոան ժառանգել է բանանի առևտրով վաստակած ընտանեկան կարողությունը: Նա աշխատել է իր հոր Noboa Corp ընկերությունում՝ զբաղվելով ծովային փոխադրումներով, լոգիստիկայով և առևտրով: 2021 թ. դարձել է Ազգային ժողովի անդամ, այնտեղ գլխավորել է տնտեսական զարգացման հանձնաժողովը։
Իսկ Գոնսալեսը համարվում է Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կոռեայի (պաշտոնավարել է 2007-2017 թթ.) հովանավորյալը։ Նա Կոռեայի օրոք աշխատել է պետական ապարատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ. պատգամավոր է եղել 2021-ից մինչև 2023 թվականի մայիսը։