Վիճաբանության ընթացքում տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և սպանել է 36-ամյա տղամարդուն
1 րոպեի ընթերցում
«Հրազդան» բժշկական կենտրոնից փետրվարի 8-ին ժամը 05:16-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը արձանագրել է, որ մեքենայով տեղափոխվել է 36-ամյա Աղասի Աբգարյանի դիակը՝ կրծքավանդակի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն դանակահարել և սպանել է Հրազդանի 44-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել և սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Աղասի Աբգարյանին, որը մահացել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։