Տնտեսություն

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

Վիճակագրական տվյալները, որոնք վերաբերում են Հայաստանի և Իրանի միջսահմանային երթևեկությանն ու քաղաքացիների փոխայցերին, անհրաժեշտություն են դարձնում Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունը։    

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում տեղեկացրեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարին։

«Նախորդ տասն ամիսների ընթացքում մեր երկրների միջև քաղաքացիների 231293 փոխայցեր են կատարվել, ընդ որում՝ 66593-ն Իրանի քաղաքացիներն են։ Ընդհանուր առմամբ՝ մեկնումների և վերադարձի թիվը հասնում է մոտ կես միլիոնի։ Տասն ամսվա կտրվածքով սա մեծ թիվ է։ Նույն ժամանակահատվածում հայ-իրանական սահմանը հատել են նաև 126890 բեռնատար մեքենաներ։ Քաղաքացիները երթևեկում են նաև ավտոբուսներով ու իրենց անձնական փոխադրամիջոցներով։ Այս պահին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 755 միլիոն դոլարի։ Առաջին քայլով ցանկանում ենք այդ ցուցանիշը հասցնել մեկ միլիարդի, իսկ հետագայում՝ երեք միլիարդի։ Իրանն այժմ ԵԱՏՄ կազմակերպության դիտորդ անդամ է, ինչը կնպաստի, որպեսզի առևտուրն առավել զարգանա, հետևաբար երկրորդ կամրջի շինարարությանը կողմ են և՛ Իրանի, և՛ Հայաստանի իշխանությունները։ Նախագծային աշխատանքներն ավարտվել են, հուսով ենք, որ շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքները»,- նշեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։ 

Սոբհանին շեշտեց, որ առկա բոլոր հնարավորությունները միտված են երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Դիվանագետի համոզմամբ՝ այլ ելք չկա, քան խթանել և ամրապնդել փոխգործակցությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում