Ըստ ԱՏՁՄ-ի՝ օրենսդրական նոր կարգավորումները սահմանափակում են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը
5 րոպեի ընթերցում
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) դեմ է Բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումներին։ Ըստ ԱՏՄՁ-ի ներկայացուցիչների՝ այդ կարգավորումները սահմանափակում են տեխնոլոգիական ոլորտի զարգացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ասուլիսին կարգավորումների վերաբերյալ իրենց դժգոհություններն ու տեսակետներն են հայտնել ԱՏՁՄ գործադիր տնօրենն ու ներկայացուցիչները՝ նշելով, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նոր ընդունած կարգավորումները խոչընդոտում են ստարտափների աճին, խանգարում գիտահետազոտական աշխատանքների (R&D) խթանմանը և կասեցնում տեղական տեխնոլոգիական ընկերությունների զարգացումը։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը նշեց՝ այնպես չէ, որ նախարարության հետ հարաբերություններ և համագործակցություն չկա, պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ լինում են.
«Ասեմ, որ հանդիպումների քանակի և քննարկումների որակի պրոգրես կա, բայց մենք դժգոհում ենք արդյունքներից: Քննարկումերը որակով տեղի են ունենում, բայց դեռ իրար հասկանալու և ավելի որակյալ որոշումներ կայացնելու հարցում շատ գործ ունենք անելու և՛ մեր կողմում, և՛ պետական ստրուկտուրաներում»:
Սարգիս Կարապետյանի խոսքով՝ նոր կարգավորումների շուրջ խոսակցությունները սկսվել են 2.5 տարի առաջ, երբ օրենքի նախագծի առաջին տարբերակը համայնքի կողմից առաջարկվել է ԲՏԱ նախարարությանը, որը մերժվել է այն հիմնավորմամբ, որ մեխանիզմները շատ բարդ են։ Նախարարությունն այդ ժամանակ հայտնել էր, որ շուտով ներկայացնելու են ավելի պարզ մեխանիզմով օրենք:
«Վարչապետի հանձնարարականով պետք է ստեղծվեր միջգերատեսչական հանձնաժողով միությունների հետ, որպեսզի միասին աշխատեինք օրենքի վրա: Հանձնաժողովն այդպես էլ չստեղծվեց, ու մենք ստացանք այն առաջարկը, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ»,- նշեց Կարապետյանը:
«Կրիսպ» ընկերության համահիմնադիր և նախագահ Արտավազդ Մինասյանը նշեց, որ նոր օրենքում գրված են ինչ-որ կարգավորումներ, որոնցով փորձ է արվում ներդրում անել ոլորտում կամ աջակցություն տրամադրել, բայց այս օրենքը չի լուծում ամենակարևորը՝ Հայաստանի մրցունակության բարձրացման հարցը:
«Մեր կարճաժամկետ պահանջն այն է, որ գիտահետազոտական աշխատանքների կարգը պարզեցվի, դառնա շատ հստակ, և դրա տակ մտնեն ոլորտի այն աշխատակիցների աշխատանքները, որոնք միջազգային ստանդարտներով համարվում են գիտահետազոտական աշխատանք (R&D): Ամենամեծ աջակցության տեսակը պետք է լինի հենց R&D-ի աշխատակիցների եկամտահարկի փոփոխությանն ուղղված, բայց թե ինչ է նշանակում R&D, դրա սահմանումը չկա ոչ մի տեղ: Վերցվել են միջազգային կարգավորումների օրինակներ, ինչի արդյունքում գիտահետազոտական աշխատանքի սահմանումը ստացվել է շատ նեղ։ Եթե ոլորտում կա 30 հազարից ավելի աշխատակից, ապա այս կարգավորումը լավագույն դեպքում նրանց 5 տոկոսի դեպքում կկիրառվի: Այսինքն, կգործի այն աշխատակիցների համար, որոնք նորագույն գիտելիքի վրա են աշխատում, բայց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում R&D-ն համարվում է ավելի լայն ճյուղ, քան այս կարգավորումն է սահմանում»,- ասաց Արտավազդ Մինասյանը:
Մինասյանը ներկայացրեց նաև ԱՏՁՄ-ի պահանջները։ Նրա խոսքով՝ իրենք պահանջում են, որ ոլորտի ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավված լինեն օրենսդրական փոփոխությունների մշակման աշխատանքներում, ինչպես նաև արդեն իսկ ընդունված օրենքում փոփոխություններ կատարվեն, որպեսզի Հայաստանն ավելի մրցունակ երկիր դառնա բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում։ Նրա գնահատմամբ՝ փոքր աջակցություններն ու ներդրումները, որոնք նախատեսված են նոր կարգավորումներով, մեծ օգուտ չեն տալու:
Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանություն է տվել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին։ Ընդունված օրենսդրական կարգավորումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։