Միացյալ Նահանգներ

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնը պատրաստվում է Մյունխենի անվտանգության համաժողովում ներկայացնել Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Newsmax պարբերականը՝ հղում անելով Քելլոգի հայտարարությանը։

Ավելի վաղ, միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Քելլոգը Մյունխենում կներկայացնի պատերազմի դադարեցման նախագիծ, որը ենթադրում է հակամարտության սառեցում գործող ճակատային գծում՝ առանց Ուկրաինայի օկուպացված տարածքների նկատմամբ Ռուսաստանի իրավասության պաշտոնական ճանաչման։ Այդ ծրագրով քննարկվում էր նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հնարավոր տրամադրումը։

Սակայն Քելլոգը հերքել է այս պնդումները՝ ընդգծելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։

«Այո, հաջորդ շաբաթ մենք պատրաստվում ենք մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին։ Սակայն տեղեկություններն այն մասին, թե մենք պատրաստվում ենք այնտեղ խաղաղության ծրագիր ներկայացնել, սխալ են։ Ոչ, մենք դա չենք անելու։ Ես ընդհանրապես չեմ շփվել այն լրատվամիջոցի հետ, որը տարածել է այդ լուրը», – ասել է Քելլոգը։

Նրա խոսքով՝ խաղաղության ծրագիր ներկայացնելը Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունն է, և դա իր նախաձեռնությունը չէ։

«Խաղաղության ծրագիրը կներկայացնի Միացյալ Նահանգների նախագահը, ոչ թե Քիթ Քելլոգը։ Մենք պարզապես օգնելու ենք նրան, աշխատելու ենք դրա վրա, հասցնելու ենք այն համապատասխան կետին։ Բայց դա ամենևին տեղի չի ունենա հաջորդ շաբաթ», – հավելել է Քելլոգը։

Մյունխենի անվտանգության համաժողովը նախատեսվում է փետրվարի 16-18-ը, որտեղ կքննարկվեն միջազգային անվտանգության հիմնական հարցերը, ներառյալ Ուկրաինայում տիրող իրավիճակը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում