Իսրայելի պաշտպանության բանակի երկու զինծառայող մահացել է հիվանդանոցում՝ Հորդանան գետի արևմտյան ափին ահաբեկչական հարձակման հետևանքով ստացած վերքերից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«Միջադեպի արդյունքում սպանվել են պահեստային շտաբի սերժանտ Օֆեր Յունգը և մեկ այլ զինծառայող, ում անունը հրապարակելու համար դեռ լիազորված չենք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հորդանան գետի արևմտյան ափի Թայսիր անցակետի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով իսրայելական բանակի յոթ զինվորներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ. երկուսը ծանր, ևս երկուսը միջին ծանրության, երեքը՝ թեթև վնասվածքներ: Ահաբեկիչը վնասազերծվել է Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկների պատասխան կրակից հետո։