Եվրոպա

Եվրահանձնաժողովում հայտնել են Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանմանը կոշտ արձագանքելու մասին

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովում հայտնել են Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանմանը կոշտ արձագանքելու մասին

Եվրամիության արձագանքը կոշտ կլինի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի ԵՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի անդամներից մեկին։

«ԵՄ-ն կոշտ կարձագանքի ցանկացած առևտրային գործընկերոջը, որն անարդարացիորեն կամ կամայականորեն մաքսատուրքեր կսահմանի ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ», - գործակալությանը հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:

Նրա խոսքով՝ այս փուլում 27 անդամ երկրներից բաղկացած դաշինքը չգիտի ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ որևէ լրացուցիչ մաքսատուրքի մասին։

Bloomberg-ի զրուցակիցը նշել է, որ մաքսատուրքերի սահմանումը «վնասակար է բոլոր կողմերի համար», և ափսոսանք է հայտնել Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման առնչությամբ։

Միևնույն ժամանակ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ իր կառավարությունը ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերի մանրամասները կհայտնի փետրվարի 3-ին:

Շեյնբաումն ավելի վաղ հայտարարել էր, որ պլանը կներառի տարիֆային և ոչ տարիֆային միջոցներ, ներառյալ 25% մաքսատուրք Մեքսիկա ներմուծվող բոլոր ապրանքների համար:

Կանադան իր հերթին հայտարարել է փետրվարի 4-ից ԱՄՆ-ից ներկրվող 155 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու մասին։

Թրամփը փետրվարի 1-ին ստորագրել է կատարողական հրամանագիր Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Փաստաթղթում նշվում է, որ 25% մաքսատուրքեր են սահմանվում Մեքսիկայից և Կանադայից ներմուծման համար (10%՝ կանադական էներգառեսուրսների նկատմամբ)։ 10%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանվում ՉԺՀ-ից ապրանքների նկատմամբ։ Թրամփի խոսքով՝ դա արվել է «անօրինական ներգաղթյալների և մահացու թմրանյութերի լուրջ սպառնալիքի պատճառով», որոնք սպանում են ԱՄՆ քաղաքացիներին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում