Հայաստան

Հայաստանը հարևան երկրներից որևէ մեկի նկատմամբ տարածքային պահանջ չունի․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը հարևան երկրներից որևէ մեկի նկատմամբ տարածքային պահանջ չունի․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը հարևան երկրներից որևէ մեկի նկատմամբ չունի տարածքային պահանջներ, իսկ հայկական բանակի միակ խնդիրը ՀՀ տարածքի պաշտպանությունն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չունենք տարածքային պահանջներ մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ։ Ավելին, ես հրապարակային ասել եմ և ևս մեկ անգամ պաշտոնապես արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունն է։ Ուրիշ խնդիր Հայաստանի բանակը չունի և չի ունենալու»,- ասաց Փաշինյանը։

Խոսելով Ադրբեջանի կողմից 2021 թվականից ի վեր Հայաստանի տարածք ներխուժելու և որոշ հատվածներում վերահսկողություն հաստատելու վերաբերյալ՝ վարչապետը նշեց․ «Կան տարածքներ, որ Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կմ տարածքի մեջ են, բայց Հայաստանի վերահսկողության ներքո չեն հիմա։ Նշանակում է արդյոք, որ Հայաստանի բանակը պատրաստվում է հարձակվել, վերականգնել, կամ ռազմական ճանապարհով ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքում մեր ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր լուծել։ Ոչ, չի նշանակում, Հայաստանի բանակը նման խնդիր չունի և չի ունենալու, որովհետև մենք արդեն ունենք սահմանազատման ստորագրված, վավերացված, դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որն իրավական ուժ ունի Հայաստանի, և Ադրբեջանի համար և որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման բազային սկզբունքն Ալմա-Աթայի հռչակագիրն է»։

Վարչապետը նկատեց, որ եթե Ադրբեջանը մտահոգություններ կամ հարցեր ունի՝ կապված Հայաստանի սպառազինության հետ, ապա հայկական կողմը ևս հարցեր ունի՝ ուղղված ադրբեջանական կողմի սպառազինման հետ։ «Մենք առաջարկել ենք, այդ թվում գրավոր ձևաչափով, ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմներ։ Այդ մեխանիզմները ենթադրում են նաև սահմանային գոտիներում ռազմական գործունեության նկատմամբ փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ։ Մենք այդ առաջարկը պաշտոնապես տվել ենք և պատրաստ ենք այդ ուղղությամբ գնալ առաջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում