Կրթություն

ԿԳՄՍ նախարարը Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 դպրոցում ծանոթացել է ներառական կրթության խելամիտ հարմարեցումներին

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 դպրոցում ծանոթացել է ներառական կրթության խելամիտ հարմարեցումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց:

Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումներին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ստեղծված խելամիտ հարմարեցումներին: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ որքանով է կարողացել ուսումնական հաստատությունն ապահովել պահանջվող հարմարեցումները, ի՞նչ խնդիրներ կան միջավայրի լիարժեք ինտեգրման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման առումով, ինչպիսի՞ հաջողություններ են արձանագրվել: 

Ժաննա Անդրեասյանը և Արաքսիա Սվաջյանը տեղում հանգամանորեն ծանոթացել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի կազմակերպման և իրացման համար դպրոցում առկա ռեսուրսներին:

Նախարարին ներկայացվել է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձնական ծրագրի շրջանակում ստեղծված ռեսուրս սենյակի գործունեությունը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող որոշ խմբի երեխաների համար:

Ռեսուրս դասարանում նախարարը հանդիպել է երեխաների հետ, հարցեր ուղղել մանկավարժներին և մասնագետներին՝ հետաքրքրվելով արդեն աշխատանքային պրոցեսում արձանագրած հաջողություններով, ինչպես նաև բարելավման անհրաժեշտություն ունեցող խնդիրներով: 

Նախարարն առանձին զրուցել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ, հանգամանորեն հետաքրքրվել նրանց մտահոգություններով` նշելով, որ հետադարձի կապի ապահովումը հնարավորություն կտա բարելավել կրթության կազմակերպման մոտեցումները: 

Թիվ 100 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանի տեղեկացմամբ՝ դպրոցը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու և ներառական կրթություն իրականացնելու երկար տարիների արդյունավետ փորձ ունի: Հաստատությունում 468 աշակերտ է սովորում, որոնցից 62-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:  

«Ռեսուրս սենյակ» փորձարարական ծրագրի շրջանակում մասնագիտական աշխատանքի արդյունքում ապահովվում է հաղորդակցման խնդիրներով պայմանավորված կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների աստիճանաբար ներգրավումը  դասապրոցեսին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում