Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Հայաստանի Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանին ընտրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը։
«Պարոն Գրիգորյանը, ստանալով տրված ձայների մեծամասնությունը, ընտրվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր՝ իննամյա պաշտոնավարման ժամկետով, որը սկսվում է նրա ընտրվելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո»,- ասված է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դատավորներն ընտրվում են ԵԽԽՎ-ի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր պետության կողմից առաջադրված երեք թեկնածուների ցանկից: