Նիդեռլանդների Ասեն քաղաքի Դրենթեի թանգարանի կողոպուտի հետևանքով գողացված ռումինական ցուցանմուշների արժեքը կազմում է գրեթե 6 միլիոն եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է RTV Drenthe-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։
Գողացված ոսկյա սաղավարտի արժեքը կազմում է 4,3 միլիոն եվրո, իսկ երեք ապարանջաններից յուրաքանչյուրինը՝ մոտ 500 000 եվրո: Ոսկուց պատրաստված սաղավարտն ապահովագրվել էր ավելի քան 4 միլիոն եվրոյով: Ընդ որում, թանկարժեք իրերի ամբողջ հավաքածուն բաղկացած էր 670 ցուցանմուշից:
Ինչպես նշում է RTV Drenthe-ն, Ռումինիայի պատմության ազգային թանգարանը մտադիր է դիմել դատարան, քանի որ, նրա տվյալներով, Դրենթեի թանգարանը չի ապահովել ցուցահանդեսում պահպանության ծառայության ներկայությունը։ Նիդեռլանդների թանգարանի գլխավոր տնօրեն Հարի Թուպանը նույնպես հայտարարել է, որ կողոպուտի պահին թանգարանում անվտանգության աշխատակիցներ չեն եղել։ Միևնույն ժամանակ, ըստ լրատվամիջոցի կողմից ուսումնասիրված փաստաթղթերի, Ռումինիայի և Նիդեռլանդների թանգարանների միջև կնքված պայմանագրում բացակայել է ցուցահանդեսի անցկացման ժամանակ անվտանգության աշխատակիցների պարտադիր ներկայության մասին կետը։
Հունվարի 25-ին՝ տեղական ժամանակով ժամն առավոտյան մոտավորապես 03:45-ին, Դրենթեի թանգարանից գողացել են ռումինական արժեքավոր իրեր, որոնք ժամանակավորապես տրամադրվել էին Ռումինիայի պատմության ազգային թանգարանի կողմից՝ պատմական Դակիա տարածաշրջանի մասին ցուցադրության համար։ Թանգարան մուտք գործելու համար չարագործներն օգտագործել են պայթուցիկ։ Պայթյունի հետևանքով կոտրվել են թանգարանի դուռն ու պատուհանները, նաև վնասվել են մոտակա շենքերը:
Մեկ այլ հրապարակման մեջ RTV Drenthe-ն նշում է, որ ոստիկանությունը գողության հետ կապված 100-ից ավելի տեղեկություններ է ստացել քաղաքացիներից՝ կապված նախորդ օրը թանգարանում կասկածելի վարք դրսևորած անձանց և գողության օրը նրանց օգտագործած մեքենայի հետ։ Ոստիկանությունն ուսումնասիրում է այդ տեղեկությունները։