Իրան

Թրամփը հնարավոր է համարում բարեկամական հարաբերությունների հաստատումը Չինաստանի և ՌԴ-ի, բայց ոչ Իրանի հետ

2 րոպեի ընթերցում

Թրամփը հնարավոր է համարում բարեկամական հարաբերությունների հաստատումը Չինաստանի և ՌԴ-ի, բայց ոչ Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է բարեկամական հարաբերություններ պահպանել Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Իրանի հետ հարաբերություններ հաստատելն ավելի դժվար է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք նախկինում ևս շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Սի Ծինփինի հետ: Եվ Պուտինի հետ՝ նույնպես: Իրանը բոլորովին այլ հարց է: Այն շատ ուժեղ կապված է կրոնի հետ, և դա շատ վտանգավոր է», - ասել է Թրամփը։ 

Իսկ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Իրանի հետ կապված իրավիճակը կարող է կարգավորվել՝ առանց Թեհրանին ռազմական հարված հասցնելու։

«Հուսով եմ, որ դա կարելի է լուծել…. Իրանը, հուսով եմ, գործարքի կգնա», - ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա կաջակցի Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելուն:

Ավելի վաղ The Financial Times-ը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ ԱՄՆ նոր վարչակազմը ցանկանում է Իրանում դիվանագիտության դիմել նախքան Թեհրանի վրա ճնշումը մեծացնելը։

Հրատարակության տվյալներով՝ Թրամփը պատրաստվում է Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին հանձնարարել քննարկել Իրանի հետ Վաշինգտոնի հարաբերությունները։

ԱՄՆ նախագահը նաև պլանավորում է կապեր պահպանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

«Ես կկապվեմ նրա հետ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

Թրամփի խոսքով՝ 2017 թվականին իր պաշտոնն ստանձնելուց առաջ ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբաման զգուշացրել է իրեն, որ Փհենյանը Վաշինգտոնի համար ամենալուրջ խնդիրն է։

«Ես լուծեցի այդ խնդիրը: Եվ ես համաձայնության եկա Կիմ Չեն Ընի հետ: Նա մոլի կրոնասեր չէ: Ընդհանրապես նա շատ խելացի մարդ է», - հավելել է Թրամփը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում