Քաղաքականություն

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, արձագանքելով Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարին ուղղված այն հարցին, թե արդյոք Եվրամիությունը Հայաստանից պահանջում է ամբողջովին խզել կապերը Ռուսաստանի հետ, հայտարարեց, որ նման պահանջ երբևէ չի ձևակերպվել։ 

«Նախ, կարծում եմ, թյուր կարծիք է (ներողություն եմ խնդրում այդ որակման համար, բայց դա ռուսական նարատիվ է), որ Եվրամիությունը կամ ԵՄ որևէ երկիր Հայաստանին որևէ բան է պարտադրում՝ ինչ-որ բանի դիմաց։ Հայաստանն ինքն է ընտրություն կատարել և կատարում։ Պետք է ասեմ, որ շատ ավելի առաջ ենք գնացել, քան Եվրամիությունն այս պահին մեզ կարող է առաջարկել։ Հայաստանի Հանրապետության «պահանջները», պատրաստակամությունը շատ ավելի բարձր է, քան Եվրամիության պատրաստակամությունը՝ լինի դա տեխնիկական թե քաղաքական պատճառներով։ Հայաստանի առջև Եվրամիության որևիցե երկիր որևէ երկրի հետ կապը խզելու պահանջ երբևիցե չի դրել։ Կարող եմ ասել հակառակը՝ հաճախ Եվրամիության որոշ երկրներ մեզ փորձել են զսպել շատ այլ քայլերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում կայացած Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկմանը հաջորդած ասուլիսում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։ 

Նա նկատեց, որ Ռուսաստանի Դաշնությանը, տնտեսական առումով, Հայաստանի կապվածությունն իրոք գոյություն ունի։ 

«Կարծում եմ՝ երբ ժամանակը կգա, մենք կքննարկենք բոլոր գործընկերների հետ և կհասկանանք, թե ինչ լուծումներ կարող ենք այդտեղ տալ։ Միևնույն ժամանակ՝ զբաղվում ենք մեր բոլոր ոլորտների դիվերսիֆիկացմամբ և շարունակելու ենք այդ պրոցեսը, որպեսզի միայն մեկ երկրից (անկախ նրանից, թե որ երկիրն է) կախվածություն չունենանք։ Եվրամիության շատ երկրներ Ռուսաստանից մեծ կախվածություն ունեին էներգետիկ ոլորտում, տարբեր ոլորտներում, բայց իրականությունը բերեց նրան, որ ինչ-որ մի բանից հրաժարվեցին, ինչ-որ մի ճանապարհ բացեցին։ Երբ ժամանակը կգա՝ այդ մասին կխոսենք բոլոր կողմերի հետ»,- եզրափակեց ԱԺ նախագահը։       

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում