Քաղաքականություն

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Կարելի է ասել, որ գրեթե չի մնացել թեմա, որը շրջանցվել է Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի պանելային քննարկման ընթացքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում կայացած Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկմանը հաջորդած ասուլիսում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետություն կատարած այցի համար, ինչն աննախադեպ է մեր երկրի և տարածաշրջանի համար: Պետք է ասեմ, որ մեծ ակնկալիքներ ունենք այս միջոցառումից և վստահ եմ, որ այն ամենն, ինչ այստեղ քննարկեցինք և ձեր այցը իր դրական ազդեցությունը կունենա այն գործընթացին, որը Հայաստանը նախաձեռնել է՝ խաղաղության դարաշրջան սկսել մեր տարածաշրջանում:

Պետք է արձանագրեմ, որ ձեր այցը մեծ ներդրում ունեցավ այս գործում, որի համար կրկին շնորհակալ եմ:

Պետք է ասեմ, որ մեր գործընկերների հետ քննարկել ենք բոլոր հնարավոր թեմաները՝ սկսած ռազմագերիներից, վերջացրած՝ խաղաղության պայմանագրով, հնարավոր լուծումներով, հնարավոր քաղաքական աջակցությամբ և համագործակցությամբ: Կարելի է ասել, որ գրեթե չի մնացել թեմա, որը շրջանցել ենք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս անկեղծ խոսակցության և համագործակցության համար:

Նաև շատ կարևորում եմ, որ պայմանավորվել ենք խորհրդարանական մակարդակում համագործակցության և համագործակցությունը խորացնելու հարցում՝ բարեկամական խմբերի փոխադարձ այցելությունների, խորհրդարանական մակարդակում հարցերի քննարկման»,- նշեց ԱԺ նախագահը:

Նա հավելեց, որ կա պայմանավորվածություն և փոխըմբռնում տարբեր հարցերի առնչությամբ փորձի փոխանակման վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, ժողովրդավարության հաստատման, բարեփոխումների, մարդու իրավունքների հետ կապված հարցերի մասին է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում