Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է կատարողական հրամանագիր, համաձայն որի Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումն ԱՄՆ-ի կողմից նորից կճանաչվի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
«Այս հրամանն սկիզբ է դնում մի գործընթացի, որով «Անսար Ալլահ» կազմակերպությունը, որը նաև հայտնի է որպես հութիներ, կհամարվի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն», - ասվում է հրամանագրում:
Սպիտակ տունը հիշեցնում է, որ նախագահ Թրամփը դեռ իր առաջին նախագահության ժամկետում՝ 2021 թ. հունվարին, հութիներին ճանաչել էր ահաբեկչական կազմակերպություն, սակայն նրան հաջորդող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պաշտոնավարման առաջին ամսվա ընթացքում փոխել էր այս որոշումը։
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ «2023 թվականից ի վեր հութիները, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ուժերի աջակցությամբ, տասնյակ անգամ գնդակոծել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռազմանավերը», իսկ «2014-2015 թթ. հութիները բազմաթիվ հարձակումներ են իրականացրել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ներառյալ բազմաթիվ գրոհներ՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական օդանավակայանների, 2022 թ. հունվարին՝ մահացու հարձակումներ Արաբական Միացյալ Էմիրությունների վրա, իսկ ավելի քան 300 արկ արձակվել է Իսրայելի ուղղությամբ 2023 թ. հոկտեմբերից ի վեր»:
«Հութիների գործողություններն սպառնում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքացիական անձանց և անձնակազմի անվտանգությանը, մեր ամենամոտ տարածաշրջանային գործընկերների անվտանգությանը և համաշխարհային ծովային առևտրի կայունությանը», - ասվում է փաստաթղթում։
Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը պետք է 30 օրվա ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի միջոցով նախագահին զեկույց ներկայացնի «Անսար Ալլահ»-ին օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու մասին, իսկ զեկույցը ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում բոլոր գործողությունները ձեռնարկի կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելու համար։
Հրամանագիրը նաև նախատեսում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և Պետքարտուղարությունը խզեն կապերը Եմենի ցանկացած կազմակերպության հետ, որը վճարումներ է կատարել հութիներին կամ հակազդել խմբավորման դեմ պայքարի միջազգային ջանքերին: