Միացյալ Նահանգներ

Մուլինոն մերժել է Թրամփի խոսքերը Պանամայի ջրանցքը վերադարձնելու մասին

2 րոպեի ընթերցում

Մուլինոն մերժել է Թրամփի խոսքերը Պանամայի ջրանցքը վերադարձնելու մասին

Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու» ծրագիրը՝ իր ամերիկացի պաշտոնակցին ասելով, որ առանցքային առևտրային ուղին «կա և կմնա» երկրի ձեռքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալության ելույթում հայտարարել է, որ Պանաման խախտել է չեզոք մնալու խոստումը՝ պնդելով, թե «Չինաստանը շահագործում է Պանամայի ջրանցքը»:

«Ամերիկյան նավերից չափազանց շատ գումար են գանձում և նրանց հետ անարդար են վարվում բոլոր առումներով, և դա ներառում է Միացյալ Նահանգների նավատորմը: Եվ ավելին, Չինաստանն է շահագործում Պանամայի ջրանցքը, իսկ մենք այն չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային և մենք այն հետ ենք վերցնում»:

Մուլինոն ասել է, որ մերժում է Թրամփի խոսքերն «ամբողջությամբ»՝ հավելելով, որ աշխարհում ոչ մի երկիր չի միջամտում իրենց երկրի վարչակազմի աշխատանքին։

Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի կարևորագույն առևտրային ուղիներից մեկն է. երկրի բոլոր բեռնարկղային նավերի մոտ 40%-ն անցնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև ձգվող այս ջրային ուղիով:

Պանամայի ջրանցքը, որը շահագործման է հանձնվել է 1914 թվականին, կառուցվել է Միացյալ Նահանգների կողմից և գտնվել է նրա վերահսկողության ներքո։ 1977 թվականին Տորիխոսի-Քարտերի պայմանագրով որոշվել է ջրանցքի փուլային փոխանցումը Պանամային, որն ավարտվել է 1999 թվականին։ Այդ պայմանագիրը նախատեսել է ջրանցքի չեզոքությունը և դրա հասանելիությունը համաշխարհային առևտրի համար։ Այսօր ջրանցքը մնում է կարևորագույն երթուղի համաշխարհային տնտեսության համար և ԱՄՆ-ի շահերի առանցքային օբյեկտներից մեկը: 

Թրամփի ելույթից հետո Մուլինոն X-ում սոցիալական ցանցում գրել է. «Ջրանցքը որևէ մեկի կողմից զիջում չէր: Դա սերունդների պայքարի արդյունք էր, որը գագաթնակետին հասավ 1999 թվականին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում