Միացյալ Նահանգներ

Թրամփը հրամանագիր է ստորագրել Կլիմայի փոփոխության շուրջ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հրամանագիր է ստորագրել Կլիմայի փոփոխության շուրջ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին կատարողական հրամանագիր է ստորագրել Կլիմայի փոփոխության շուրջ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագրի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Միավորված ազգերի կազմակերպությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանն անհապաղ պաշտոնական գրավոր ծանուցում կներկայացնի Փարիզի համաձայնագրից Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալու մասին՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիային համապատասխան… Միացյալ Նահանգները կհամարի, որ համաձայնագրից և դրա հետ կապված ցանկացած պարտավորությունից իր դուրս գալն ուժի մեջ կմտնի սույն ծանուցումն ստանալուց անմիջապես հետո», - ասված է հրամանագրում։

CNN-ն իր հերթին հիշեցնում է, որ արտանետումների կրճատման համաձայնագրով գրեթե 200 երկիր պարտավորվել է պահպանել գլոբալ տաքացումն ըստ Ցելսիուսի 2 աստիճանից ցածր մակարդակում՝ նախաարդյունաբերական մակարդակի համեմատությամբ, իսկ հնարավորության դեպքում՝ 1,5 աստիճանից ցածր մակարդակում:

Թրամփը համաձայնագրից դուրս էր եկել իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում ևս. նախագահի պաշտոնում Ջո Բայդենի առաջին քայլերից մեկը դարձավ դրա վերականգնումը։ Հունվարի 20-ին Թրամփը հայտարարել է, որ կրկին դուրս է գալից համաձայնագրից, որը նա որակել է «միակողմանի»:

Իր երդմնակալության խոսքում Թրամփը խոստացել է հայտարարել «ազգային էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն» և կարգավորել բնապահպանական թույլտվություններ ու փորձաքննություններ ստանալու գործընթացները, որոնք, նրա վարչակազմի խոսքով, «չափազանց մեծ բեռ են դնում էներգիայի արտադրության և օգտագործման վրա»:

CNN-ը հիշեցնում է, որ չնայած Թրամփի հայտարարություններին, ԱՄՆ-ն ավելի շատ նավթ է արդյունահանում, քան մարդկության պատմության ընթացքում որևէ այլ երկիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում