Տնտեսություն

ԵԱՏՄ կոլեգիան սահմանել է էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչ սակագնային կարգավորման կանոններ

3 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ կոլեգիան սահմանել է էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչ սակագնային կարգավորման կանոններ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիան  սահմանել է ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված  էլեկտրոնային առևտրի այն ապրանքների՝ մաքսային տարածք ներկրման առանձնահատկությունները, որոնց նկատմամբ կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԵԱՏՀ մամուլի ծառայությունը։

«Որոշման նախագիծը պատրաստվել է անցած տարի միության Մաքսային օրենսգրքում փոփոխությունների ընդունման կապակցությամբ, որով հենց սահմանվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիան: Փաստաթղթով նախատեսվում է, որ  ֆիզիկական անձանց կողմից կատարված գործնականում բոլոր գնումների նկատմամբ կգործի ռեժիմ, որը չի վատթարացնում ֆիզիկական անձանց վիճակը, որոնք այսօր ներկրում են թույլատրված ապրանքներ անձնական օգտագործման համար», - պարզաբանել է ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

Այսպես, գաղտնագրված բաղադրիչներով սարքերի  (հեռախոսներ, խելացի ժամացույցներ) ներմուծման հնարավորությունը մնում է: Սակայն միևնույն ժամանակ արգելվում է թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների, դեղորայքային միջոցների, հատուկ տեխնիկական միջոցների, թունաքիմիկատների, օզոնաքայքայիչ, թունավոր նյութերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, զենքի և մի շարք այլ ապրանքների ներմուծումը։

Նշվում է, որ սույն արգելքը կոչված է պաշտպանելու ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին անորակ և ոչ անվտանգ արտադրանքից։ Ընդ որում, մամուլի ծառայությունում նշել են, որ դեղորայքային միջոցների մասով որոշվել է հետագայում մշակել դրանց ներկրման հնարավորության հարցը։ Նաև կմշակվի ֆիզիկական անձանց կողմից այլ կատեգորիաների ապրանքների ներկրման հնարավորությունը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգռվածությունը։

Ենթադրվում է, որ ոչ սակագնային կարգավորման վերաբերյալ ընդունած որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր անց։ Սակայն դա տեղի կունենա  Մաքսային օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, որոնք, իրենց հերթին, ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ բոլոր երկրների կողմից համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարումից հետո։

Անդրեյ Սլեպնևը հիշեցրել է, որ հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիայի առանձնացումը՝ մոտ ապագայում կկայացվեն մի շարք այլ որոշումներ, որոնք վերաբերում են, այդ թվում, մաքսային-սակագնային կարգավորման հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում