Մերձավոր Արևելք

Գազայում ռազմական գործողությունների պատճառած վնասը գնահատել են 38 միլիարդ դոլար

2 րոպեի ընթերցում

Գազայում ռազմական գործողությունների պատճառած վնասը գնահատել են 38 միլիարդ դոլար

2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածին հասցված ուղղակի վնասը կազմում է առնվազն 38 միլիարդ դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Telegram-ում անկլավի իշխանությունների հրապարակած տվյալները։

Գազայի հատվածի իշխանությունների պնդմամբ՝ անկլավում ավերվել է 137 ուսումնական հաստատություն, 823 մզկիթ և 3 եկեղեցի, 206 մշակութային կամ պատմական արժեք ներկայացնող օբյեկտ, ավելի քան 161 000 կացարան։ Գնդակոծության է ենթարկվել ավելի քան 160 բուժհաստատություն, զգալի վնաս է հասցվել էլեկտրաենթակայաններին, ջրմուղային և կոյուղային ցանցերին, ինչպես նաև անկլավի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքին։

Հունվարի 20-ին Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ անկլավում ռազմական գործողությունների զոհ է դարձել 47 035 պաղեստինցի, ավելի քան 111 000-ը վիրավորվել է:

Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել Գազայի հատվածից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ 

Հունվարի 15-ին Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերի արդյունքում Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության հասան Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման և անկլավում հրադադարի ռեժիմ սահմանելու շուրջ, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում