Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ՀՆԱ-ի 5%-ը հատկացնեն պաշտպանական ծախսերին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ՀՆԱ-ի 5%-ը հատկացնեն պաշտպանական ծախսերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կձգտի հասնել այն բանին, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պաշտպանական ծախսերը հասցնեն իրենց ՀՆԱ-ի մինչև 5%-ի մակարդակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է հունվարի 20-ի երեկոյան Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ։

«ՆԱՏՕ-ն պետք է ավելի շատ գումար վճարի: ՆԱՏՕ-ն պետք է վճարի 5 տոկոս», - ընդգծել է Թրամփը։

ԱՄՆ վարչակազմի ղեկավարը բողոքել է այն բանից, որ ԱՄՆ-ն 200 միլիարդ դոլարով ավելի շատ է ծախսել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու վրա, քան Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրները։ 

«Նրանք պետք է հավասարեցնեն դրությունը», - ասել է Թրամփը։

ՆԱՏՕ-ի երկրների կողմից պաշտպանական ծախսերը 5%-ի հասցնելու անհրաժեշտության մասին Թրամփը հայտարարել էր դեռ անցյալ շաբաթ։  

Ըստ Euronews-ի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները, արձագանքելով Թրամփի հայտարարությանը, հունվարի 14-ին հայտարարել էին, որ մտադիր են շարունակել ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում, սակայն Դոնալդ Թրամփի նշած նպատակակետին հասնելը դժվար կլինի:

ՆԱՏՕ-ի երկրները ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2%-ի հասցնելու խնդիրը դրել են 2014 թ. սեպտեմբերին Ուելսում կայացած գագաթնաժողովում՝ դա պատճառաբանելով «ռուսական սպառնալիքով»։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ղրիմն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ 2023 թ. հուլիսին Վիլնյուսի գագաթնաժողովում որոշում էր ընդունվել, որ ՆԱՏՕ-ի պետությունների համար ՀՆԱ-ի 2%-ը պետք է դառնա ոչ թե նպատակակետ, այլ պաշտպանական ծախսերի նվազագույն մակարդակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում