Աշխարհ

Կոլումբիայի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել

2 րոպեի ընթերցում

Կոլումբիայի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ հանրապետության հյուսիսում զինված խմբավորումների միջև բախումների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է X սոցիալական հարթակում:

«Հայտարարվում է հատուկ դրություն ներքին ցնցումների պատճառով և արտակարգ դրություն տնտեսության ոլորտում: Հուսով եմ՝ դատական ​​իշխանությունը կաջակցի», - գրել է նա։ 

Իր հերթին ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ հունվարի 17-ին Պետրոն հայտարարել է Ազգային ազատագրության բանակի (ԱԱԲ) ապստամբների հետ հաշտության բանակցությունների դադարեցման մասին՝ նրանց բախումների պատճառով այլ զինված խմբավորումների հետ, որոնք կազմավորվել են «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (ԿՀԶՈՒ) նախկին անդամների կողմից Կատատումբոյի տարածաշրջանում։ Բռնության զոհ են դարձել տասնյակ մարդիկ, ավելի քան 10 000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը։

ԱԱԲ-ն, որի կազմում կա մի քանի հազար մարդ, մնացել է երկրում միակ խոշոր ապստամբ խմբավորումն այն բանից հետո, երբ կառավարությունը 2016 թվականին հաշտության համաձայնագիր է կնքել ԿՀԶՈՒ-ի հետ: Այդ փաստաթուղթը վերջ է դրել արյունալի հակամարտությանը, որը շարունակվել է ավելի քան կես դար և խլել ավելի քան 250 000 մարդու կյանք։ 2022 թվականի նոյեմբերին իշխանությունները հայտարարել են ԱԱԲ-ի հետ երկխոսություն սկսելու մասին։ Երկխոսության գործընթացը մի քանի անգամ դադարել և վերսկսվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում