ԱՄՆ Սենատի հետախուզության և զինված ուժերի հանձնաժողովները հավանություն են տվել Ջոն Ռեթքլիֆի թեկնածությանը Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի և Փիթ Հեգսեթի թեկնածությանը պաշտպանության նախարարի պաշտոններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը:
Ռեթքլիֆի թեկնածությունը պաշտպանել է Սենատի հետախուզության հանձնաժողովի 14 անդամ, 3 դեմոկրատ դեմ է հանդես եկել։
Ռեթքլիֆը նոր պաշտոնում կհաստատվի առաջիկա օրերին, եթե Սենատի ամբողջ կազմը քվեարկի նրա թեկնածության օգտին:
Հեգսեթի թեկնածության օգտին քվեարկել է Սենատի զինված ուժերի հանձնաժողովի 14 հանրապետական, իսկ բոլոր 13 դեմոկրատները՝ «դեմ» են քվեարկել։
Հեգսեթի թեկնածության շուրջ Սենատի ամբողջ կազմով քվեարկությունը կկայանա հունվարի 23-ից ոչ շուտ:
Ջոն Ռեթքլիֆը ծնվել է 1965 թ. հոկտեմբերի 20-ին Մաունթ Ռոսպեկտ քաղաքում (Իլինոյսի նահանգ), ուսուցիչների ընտանիքում։ Մինչև 2004 թ. նա մասնավոր պրակտիկայում եղել է փաստաբան, որից հետո աշխատել ԱՄՆ-ի Տեխասի Արևելյան շրջանի դատախազությունում. 2007 թ. նշանակվել է շրջանի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար։ 2004-2012 թթ. զբաղեցրել է Տեխասի Հիթ քաղաքի քաղաքապետի պաշտոնը, 2015-2020 թթ. եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, որից հետո մինչև 2021 թ. զբաղեցրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը:
Փիթ Հեգսեթը ծնվել է 1980 թ. Մինեսոտայի նահանգում և ավարտել Փրինսթոնի համալսարանը, ինչպես նաև Հարվարդի Ջոն Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտը:
Հեգսեթը ԱՄՆ բանակի վետերան է, ծառայել է Իրաքում և Աֆղանստանում: Նա 2012 թ. Մինեսոտայի նահանգից իր թեկնածությունն անհաջողությամբ առաջադրեց Սենատում, այնուհետև դարձավ Fox News հեռուստաալիքի հաղորդավար: