Թրամփը հայտարարել է փետրվարի 1-ից Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է փետրվարի 1-ից Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օվալաձև աշխատասենյակում հրամանագրերի ստորագրման արարողության ժամանակ լրագրողներին հայտնել է, որ մտածում է փետրվարի 1-ից 25% մաքսատուրք սահմանել Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ «դա արտառոց փոփոխություն կդառնա Հյուսիսային Ամերիկայի առևտրային քաղաքականության մեջ, որը կարող է գների բարձրացման հանգեցնել ամերիկացի սպառողների համար»։

Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր համապարփակ մաքսատուրքեր սահմանել. մինչև 20%՝ բոլոր երկրներից ներմուծման համար, 25%՝ Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների համար, 60%՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար։

Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ չինական ապրանքների համար մաքսատուրքերը, որոնք նա սահմանել էր իր նախագահական առաջին ժամկետի ընթացքում, դեռևս գործում են, քանի որ նախկին նախագահ Ջո Բայդենը դրանք հիմնականում թողել է ուժի մեջ։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ նաև խոստացել էր մաքսատուրքերը որպես այլ երկրների հետ բանակցային գործիք օգտագործել, այդ թվում, օրինակ, Դանիայի դեպքում՝ նրա վրա ճնշում գործադրելով Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը հանձնել Միացյալ Նահանգներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում